Սննդամթերքի 4 տեսակ, որոնք կարող են դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ
Advertisement 1000 x 90

Սննդամթերքի 4 տեսակ, որոնք կարող են դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ

Քաղցկեղն օրեցօր ավելի ու ավելի է տարածվում՝ դառնալով հազարավոր մարդկանց մահվան պատճառ, սակայն մասնագետները նշում են, որ կան մեթոդներ՝ հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար:

Հարկ է հիշել, որ քաղցկեղը կանխարգելելն ու վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում դրա հետևանքով առաջացած բազմաթիվ բարդությունների դեմ պայքարելը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղցկեղածին մթերքի 4 տեսակ, որոնցից հրաժարվելը կօգնի նվազեցնել հիվանդության զարգացման հավանականությունը:

1. Շաքար և քաղցրացուցիչներ

Շաքարը կարող է նպաստել չարորակ ուռուցքների աճին, ինչը պայմանավորված է նրանով, որ գլիկոլիզի գործընթացը խթանում է քաղցկեղի բջիջների զարգացումը: Շաքարի չարաշահումը բարձրացնում է ուղիղ աղիքի, կրծքագեղձի և միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սակայն հարկ է հիշել, որ շաքարն ամբողջությամբ սննդակարգից բացառելը նույնպես խիստ վտանգավոր է, քանի որ օրգանիզմում շաքարի ցածր մակարդակն էլ իր հերթին կարող է հանգեցնել նյարդային հյուսվածքների քաղցկեղի:

Ի տարբերություն շաքարի՝ արհեստական քաղցրացուցիչները խիստ վնասակար են ու թունավոր օրգանիզմի համար և բարձրացնում են կոկորդի, կերակրափողի և ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են ոչ մի դեպքում չօգտագործել շաքարի արհեստական փոխարինիչներ:

2. Երշիկեղեն

Երշիկեղենը Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության կողմից ճանաչվել է որպես քաղցկեղածին մթերք, որի չարաշահումը կարող է դառնալ կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման պատճառ:

Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ երշիկեղենի գործածությունը բարձրացնում է նաև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

3. Ճարպերով հարուստ ուտեստներ

Ճարպերով հարուստ մթերքը (հատկապես՝ կենդանական ճարպերով ու տրանս-ճարպերով) խթանում է աղիների հյուսվածքներում սաղմնային բջիջների բազմացումը, ինչն էլ նպաստում է չարորակ ուռուցքների աճին: Գիտնականները կարծում են, որ ճարպերի չարաշահումը հանգեցնում է բջիջներում անդառնալի մուտացիաների առաջացման, ինչն էլ կարող է դառնալ տարբեր օրգանների քաղցկեղի պատճառ:

4. Վերամշակված մթերք

Մասնագետները հաճախ նշում են, որ քաղցկեղի առաջացման պատճառ է դառնում ոչ թե մթերքը, այլ դրա պատրաստման եղանակը: Այս առումով առավել վտանգավոր է «ուլտրավերամշակված» մթերքը, որոնց շարքին են դասվում հացերն ու թխվածքները, գազավորված ըմպելիքները, շաքարով եգիպտացորենի կամ վարսակի փաթիլները, կիսաֆաբրիկատները և մսամթերքը: Նման մթերքը հարուստ է շաքարով, աղով ու ճարպերով, չի պարունակում վիտամիններ ու մանրաթելեր, իսկ դրանց յուրացման գործընթացը կարող է դառնալ վտանգավոր բջջային փոփոխությունների առաջացման պատճառ:

med.tert.am