Նախկին դասախոս Անի Ներսիսյանը, ով մինչև վերջերս աշխատում էր Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, օրեր առաջ բուհից հեռանալու դիմում էր ներկայացրել, որին հաջորդել է նրա բաց նամակը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:
«Չորս տարի սովորել եմ Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում, ևս երկու տարի ուսանել եմ մագիստրատուրայում։ Ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատանքի հենց այդ նույն ինստիտուտում՝ որպես դասախոս, և աշխատել հինգ տարի: Ջանք և եռանդ չեմ խնայել, աշխատել եմ մեծ սիրով, որովհետև սիրել եմ միշտ մասնագիտությունս և աշխատանքս:
Բայց այս հինգ տարիների ընթացքում հասկացել եմ, որ դասախոսի, մանկավարժի աշխատանքը, ցավոք սրտի, չի գնահատվում երկրի և պետության կողմից: Ես հիմա գրում եմ ոչ միայն իմ մասին, այլ բոլոր վաստակաշատ մանկավարժների և դասախոսների մասին, ովքեր սերունդ են դաստիարակում և կրթում, մասնագետներ են տալիս մեր երկրին, բոլոր այն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչների, ՀՀ ժողովրդական արտիստների, դոցենտների, պրոֆեսորների, ինչո՞ւ չէ, նաև երիտասարդ դասախոսների մասին, ովքեր չգնահատվելով պետության կողմից, խղճուկ աշխատավորձով սերունդ են կրթում»,- գրել էր դերասաններ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի դուստրը:
Բուհից հեռանալու որոշումն Անի Ներսիսյանը պայմանավորել էր երկրի և պետության կողմից մանկավարժի չգնահատվող աշխատանքով, որ իր արտացոլումն է գտել վերջինիս բնորոշմամբ՝ աշխատավարձի խղճուկ, ողորմելի և ծիծաղելի չափերով:
Ստեղված իրավիճակի շուրջ առավել համակողմանի ինֆորմացիա ստանալու նպատակով 168.am-ը հանդիպեց և զրուցեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ, ով ևս համակարծիք է՝ նախատեսված աշխատավարձի չափը իսկապես քիչ է, սակայն սա անձնային խնդիր չէ, այլ համակարգային: Մեզ հետ զրույցում ռեկտորը հավելեց նաև, որ իր ղեկավարած բուհը, արդեն երկու տարի շարունակ՝ ներքին ռեսուրսների վերաբաշխման հաշվին աստիճանաբար բարձրացնում է ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես նաև ներքին շեմի աշխատավարձերի չափը, իսկ առաջիկայում՝ 2017-ին, նման բարձրացում ակնկալվում է:
Ռեկտորը տեղեկացրեց, որ Անի Ներսիսյանի հետ բուհից հեռանալուց և հրապարակած բաց նամակից հետո չի հանդիպել, սակայն տեղյակ է թատրոնի ֆակուլտետի դեկան Աննա Հեքեքյանի և Անի Ներսիսյանի միջև ծավալված վերջին զրույցի մանրամասներին, որի մասին, սակայն, խորհուրդ տվեց խոսել հենց դեկանի՝ Աննա Հեքեքյանի հետ:
168.am-ի հետ զրույցում Աննա Հեքեքյանը հաստատեց՝ մեկնելուց հետո Անի Ներսիսյանի հետ զրույց եղել է.
«Ես Անի Ներսիսյանին ճանաչում եմ ավելի վաղ՝ դեռ ուսանողական տարիներից, ասեմ ավելին՝ նա իմ ուսանողն է եղել, և հետո միայն աշխատանքի է անցել իմ ենթակայության տակ՝ թատրոնի ֆակուլտետում: Մենք հիմա էլ շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք, և նրա հեռացումը բուհից որևէ կերպ չի անդրադարձել մեր ընկերական հարաբերությունների վրա, կարծում եմ, չէր էլ կարող անդրադառնար, դա նրա որոշումն է եղել»:
Այն, որ Անի Ներսիսյանի դժգոհությունն աշխատավարձի չափերից նոր չէ, դեկան Աննա Հեքեքյանը հաստատում է.
«Որպես դասախոս՝ նա երեք տարի շարունակ, մեզ հետ միասին աշխատել է Տիգրան Գասպարյանի կուրսում: Դեռևս նախանցյալ տարի Անին դժգոհում էր քիչ ժամաքանակից ու ցածր աշխատավարձի չափերից (մեր բուհում աշխատավարձի չափերն ուղղակիորեն կապված են զբաղեցրած ժամաքանակի հետ):
Ես մի քանի անգամ լսել եմ նրա դժգոհությունն ու, ի պատասխան բուհից հեռանալու նրա ցանկություններին, փորձել եմ ուղղակի մարդկայնորեն բացատրել, որ սա համակարգային խնդիր է, որ բոլորս ենք նման պայմաններում աշխատում, և այլն: Այս թեմայով նրա հետ զրույց է ունեցել նաև ամբիոնի վարիչ Ռուբեն Բաբայանը, բայց, ինչպես տեսնում ենք, նա որոշեց ու գնաց:
Ստացվեց այնպես, որ այս տարի նրան տրամադրված ժամաքանակն ավելի քիչ էր, ու նա, իհարկե, դեռևս սեպտեմբեր ամսից դժգոհ էր այդ փաստից: Սկզբում նա եկավ դեկանատ՝ ճշտելու համար, թե ինչո՞ւ է անցյալ տարվա համեմատ ժամաքանակն ավելի քիչ, ես նրան բացատրեցի, որ անցյալ տարի նա ուներ նաև պրակտիկայի ժամեր, որի հաշվին համապատասխան չափով բարձր էր նաև աշխատավարձի չափը, չնայած, որ նա տեղյակ էր ժամաքանակի կրճատման պատճառների մասին»:
Մեր նկատառմանը, թե ռեկտոր Դավիթ Մուրադյանն ակնարկել էր Անի Ներսիսյանի և ուսանողների միջև ծագած խնդիրների մասին, Աննա Հեքեքյանը պատասխանեց.
«Ասել, որ խնդիրներ են եղել, չափազանցված կլինի, պարզապես Անի Ներսիսյանի դասաժամերին ուսանողների մի մասն առավոտյան դասի չէր ներկայանում, քնած էին մնում, բացակայում էին դասերից, և այլն: Սա առհասարակ մեր կրթական համակարգի թերություններից է, որովհետև ուսանողները ոչ միշտ են մոտիվացված՝ պարտաճանաչ կերպով բուհ գալու և դասերին ներկայանալու:
Բոլոր բուհերում էլ կա այս խնդիրը՝ ուսանողների մեծ մասը մի կերպ հաճախում է՝ ուղղակի դիպլոմ ստանալու և հեռանալու, իսկապես մոտիվացված ուսանողներ ես տեսել եմ արտասահմանում՝ վարպետության դասեր անցկացնելու ժամանակ: Հիմա ուսանողները կարող են և քնած մնալ, չներկայանալ, ինչն էլ երևի զայրացրել է Անի Ներսիսյանին:
Մենք Անիի հետ խոսել ենք այս, ինչպես նաև՝ վերջին օրերի իր հոգեվիճակի մասին, փորձել եմ հասկանալ՝ ինչո՞վ են պայմանավորված նրա ֆեյսբուքյան գրառումները, որտեղ նա մարդկանց, այդ թվում՝ նաև ուսանողներին, մեղադրում է դավաճանության մեջ:
Ի՞նչ դավաճանության մասին կարող է խոսք լինել, եթե այդ ուսանողները մինչև այս պահը շատ սիրում են Անիին ու կապված են նրա հետ: Նա ինքն էլ ընդունեց, որ խտացրել է գույները, ու ասաց, որ սխալվել է ուսանողների հասցեին նման որակումներ տալով:
Պարզապես վերջին օրերի լարված թոհուբոհն անխուսափելիորեն կարող է նման ազդեցությունների տեղիք տալ: Սա, ամենայն հավանականությամբ, երիտասարդ մասնագետի և մասնավորապես Անիի էմոցիոնալ ընկալումն էր ավելի շատ, քան ինչ-որ լուրջ խնդիր, որի պատճառով կարելի էր դիմում գրել ու հեռանալ բուհից»,- ասաց ինստիտուտի Թատրոնի ամբիոնի վարիչ Աննա Հեքեքյանը՝ ինչ-որ չափով լույս սփռելով արդեն նախկին դասախոսի դժգոհության պատճառներից ևս մի քանիսի վրա:
ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ