Դեկտեմբերի 4-ին կրակոցներ են հնչել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, իսկ 1 հոգի էլ՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքի հետքերով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել էրեբունի վարչական շրջանի Աճեմյան փողոցի 209 հասցեից:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը, մյուսի տվյալները ճշտվում են:
Փաստի առթիվ քննչական բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել բաժնի պետի տեղակալ Գ. Մաթևոսյանը: Նշված հասցեում՝ բաղնիքի ներսում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև «Մակարով» ատրճանակի պահունակ, որի վրա կան արյան հետքեր:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում են գտնվում Կենտրոնի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի ոստիկանապետերը Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: