Չինաստանի Չժեցզյան արևելյան նահանգի բնակչուհին կազմակերպել է որդու «անհետացումը», ոստիկանությանն ու հանրությանը նրա որոնման գործում ներգրավել, որպեսզի ստուգի ամուսնու զգացմունքներն ընտանիքի հանդեպ: Այդ մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Յուեցին վարչական շրջանի ոստիկանության հայտարարությանը հղումով:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին, երբ 33-ամյա կինը 11-ամյա որդուն վերցրել է դպրոցից, նստեցրել նրան նախօրոք ուտելիքի պաշարով բեռնված մեքենան՝ խիստ կարգադրելով նրան դուրս չգալ մեքենայից, որից հետո կինն ուղևորվել է ոստիկանության բաժանմունք և հայտարարություն գրել որդու անհետացման մասին, որն իբր չի վերադարձել դպրոցից:
Իրավապահ մարմիններն անհապաղ սկսել են երեխայի որոնումները, որոնց մասնակցել են ոչ միայն ոստիկանները, այլև քաղաքի բազմաթիվ բնակիչներ:
Երեխայի հայրը սոցցանցերում հրապարակում է արել՝ «առևանգիչներին» պարգևատրում խոստանալով, եթե վերջիններս անվնաս վերադարձնեն երեխային:
Երեխային հաջողվել է հայտնաբերել միայն երկու օր առաջ: Կինը դժվարեցրել է որոնումները՝ մեքենան մի քանի անգամ տեղափոխելով:
Հաղորդվում է, որ ընտանիքում լարված հարաբերություններ են եղել, ամուսինն ապրում է այլ քաղաքում, որտեղ բիզնես ունի, և կինն այդ կերպ ցանկացել է ստուգել, թե արդյոք ամուսինն իսկապես սիրում է որդուն և դժբախտության դեպքում հոգ կտանի նրա մասին:
Կինը ձերբակալվել է կեղծ տեղեկության դիտավորյալ տարածման մեղադրանքով: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում: