Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանն ու «Իմ քայլը» դաշինքով առաջադրված, վարչապետի վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը «դաշինք» են կազմել և աջ ու ձախ սպառնալիքներ են հնչեցնում: Նրանք համայնքապետերին, մարզային ու համայնքային կառույցների ղեկավարներին պարտադրում են, որ Հայկ Սարգսյանի համար քվեներ ապահովեն:
Այս մասին փոխանցում են Գեղարքունիքի մարզի մեր աղբյուրները: Նրանց տեղեկացմամբ՝ պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանն ու Գավառի քաղաքապետը որպես գործիք օգտագործում են վարչապետի վերահսկողական ծառայությունը։ Բանն այն է, որ նրանք գյուղապետերին և նշյալ կառույցների ղեկավարներին սպառնում են անակնկալ ստուգումներ իրականացնել իրենց կառույցներում, չարաշահումներ բացահայտել և երկրով մեկ խայտառակ անել:
Իսկ ընտրություններում իրենց աջակցելու դեպքում խոստանում են «ջրել» նրանց չարաշահումները, եթե այդպիսիք հայտնաբերվեն: Այս տեղեկությունների շուրջ փորձեցինք զրուցել Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ: Վերջինս, լսելով մեզ հետաքրքրող թեմայի մասին, սկսեց խուսափողական պատասխաններ տալ:
«Ես հիմա այնպիսի տեղ եմ, որ չեմ կարող պատասխանել: Ես բանի չեմ խառնվում, հիմա չեմ պատասխանի»,- ասաց նա և անջատեց հեռախոսը:
Մինչ այդ, սակայն, նա մի ուշագրավ վրիպում թույլ տվեց։ Երբ մենք տվեցինք Հայկ Սարգսյանի անունը և դեռ հարցը չէինք շարունակել, Գուրգեն Մարտիրոսյանը շտապեց հերքել մի բան, որի մասին դեռ չէինք հարցրել: «Չկա նման բան»,-ասաց նա ապա սկսեց ծիծաղել։ Թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաև պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանից:
Նա այս տեղեկությունների մասին ասաց. «Եթե մի հոգի կհայտնվի, որ այդպիսի բան կասի, ես պատրաստ եմ իմ թագավորության կեսը տալ իրենց: Այստեղ ընկերական միջավայր է: Մենք ասում ենք, որ ձեր քվեն տվեք «Իմ քայլը» դաշինքին»: Ի դեպ, աղմուկը Հայկ Սարգսյանի անվան շուրջ չի դադարում: Նախորդ ամիս գրել էինք, որ նա համայնքի ղեկավարների հետ հանդիպելիս ներկայանում է վարչապետի բարեկամ, ընկեր և ասում, որ պետք է իր օգտին քվեարկել:
Ուսումնասիրելով Հայկ Սարգսյանի նախընտրական հոլովակները՝ արձանագրեցինք, որ նա դրանցում ևս օգտագործում է Նիկոլ Փաշինյանին: Բանն այն է, որ բոլոր կադրերում նա և Փաշինյանն են՝ հեղափոխության օրերից:
Հայկ Վարդանյան