Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն երեկ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ-լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։
Ներկայացվել է, որ նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա: Ներդրումային ծրագիրն իրականացվելու է 3 փուլով. առաջին փուլում իրականացվելու է տեխնիկայի հավաքագրում, որը կտևի 2 տարի, երկրորդ փուլում արդեն կսկսվի տեխնիկայի արտադրության գործընթացը, իսկ երրորդ փուլում կիրականացվի կենցաղային տեխնիկայի ամբողջական արտադրություն և ավտոմատացում: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաև տարածաշրջանի և ԱՊՀ երկրները: