«Սասնա Ծռեր» կուսակցությունը երեկ հայտարարել է, որ պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ.
«Նման պարագայում Կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու ձեւով»,- գրել էին հայտարարության մեջ:
Լիանա Ստեփանյանն այսօր արձագանքել է կուսակցության հայտարարությանը, որտեղ նշում է.«Հայտնում եմ, որ ինքս եմ ցանկանում ստանալ հրապարակային բացատրություն, մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունից` արված հայտարարության վերաբերյալ: Նշեմ, որ անձամբ ինձ հետ քարտուղարությունը չի ունեցել զրույց այն մասին, որ մեր միջեւ կա մոտեցումների անհամատեղելիություն: Կարծում եմ՝ այս հայտարարության հիմքում ընկած է տարրական թյուրըմբռնում:
Լիահույս եմ, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը կտա սպառիչ բացատրություն, որով կհաստատի այն, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, որի հիմնադիր անդամն եմ հանդիսանում ես՝ Լիանա Սամվելի Ստեփանյանս, հիրավի հանդիսանում է արդարության, ժողովրդավարության, ազնվության, բազմակարծության, լայնախոհության, իրավունքի գերակայության, օրինապահության, հանդուրժողականության սկզբունքների կրողն ու իրացնողը»:
Մենք փորձեցինք Լիանա Ստեփանյանից այլ մանրամասներ իմանալ եւ արդյոք նա պատրաստվում է ինքնաբացարկ ներկայացնել, սակայն թեկնածուն փոխանցեց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում խոսել։ Կուսակցության վարչության անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ «Հրապարակ»-ին վստահեցրեց, որ իր տեղեկություններով «զրույց» եղել է թեկնածուի հետ, իսկ առաջ եկած «անհամատեղելիության» վերաբերյալ միայն ասաց, որ «Լիանան որոշակի հավակնություններ էր դրսեւորում»․«Մենք քիչ անց՝ 16.30-ին ասուլիս ենք տալու եւ ամփոփելու ենք քարոզարշավը, այդ թեմայի մասին նույնպես կխոսենք, հետեւաբար հիմա ճիշտ չեմ համարում ավելին մանրամասնեմ»։
Ամբողջությամբ՝ hraparak.am