Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«30 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի աղետալի երկրաշարժն անտարբեր չէր թողել ոչ մեկին՝ բառացիորեն ողջ աշխարհն էր օգնության ձեռք մեկնել Հայաստանի ժողովրդին: Ահա այդպիսի ձեռնարկումներից մեկն էր նաև 1989-ի հուլիսի 8-ին Լոնդոնում համաշխարհային ռոք-աստղերի մասնակցությամբ կազմակերպված բարեգործական ռոք-համերգը, որի նպատակն էր օգնել 1988-ի երկրաշարժից տուժած և անտուն մնացած Լենինականի (Գյումրի) բնակիչներին:
Այդ համերգի ձայնագրության հիման վրա 1990-ին թողարկվեց «Ռոքն օգնում է Հայաստանին. Երկրաշարժի ալբոմ» («Rock Aid Armenia: The Earthquake Album») ձայնասկավառակը, որի վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես ուղղվեց Սպիտակի երկրաշարժի օգնության ֆոնդին: Բացի դրանից, բարեգործական նպատակներով առանձին սինգլով հրատարակվեց նաև «Deep Purple» ռոք խմբի 1970-ականներին հանրահայտ «Smoke on the Water» երգի քավեր կատարումը և տեսահոլովակը: Ռոք երաժշտության լեգենդ, աշխարհահռչակ բրիտանական «Deep Purple» խմբի մենակատար Յան Գիլանի հետ մեկտեղ այդ երգի ձայնագրության և հոլովակի նկարահանման աշխատանքներին մասնակցեցին նաև մի շարք այլ ռոք-աստղեր, այդ թվում՝ Ռիչի Բլեքմորը, Ջոն Լորդը, Թոնի Այոմին, Դեվիդ Գիլմորը, Բրայան Մեյը, Բրայան Ադամսը և ուրիշներ:
2009-ին Յան Գիլանը Հայաստան եկավ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի կազմակերպիչ Ջոն Դիի և իր մտերիմ ընկերոջ, «Black Sabbath» ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմիի հետ: Այդ այցի ժամանակ Գիլանը, Այոմին և Դին հայտնեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանն աջակցելու իրենց նոր գաղափարի մասին, որից հետո այդ նպատակի համար դրամահավաք էր ընթանում: 2011-ին Գիլանի և Այոմիի բարեգործական «Who Cares» ռոք-նախագծի շրջանակներում թողարկվեց հատուկ սինգլ: Այդ սինգլում տեղ գտած երկու երգերից մեկը ձայնագրվեց հայ երաժիշտներ Արա Գևորգյանի և Արշակ Սահակյանի մասնակցությամբ: Դա «Սև-մութ ամպեր» հայկական ժողովրդական երգի մեղեդու հիման վրա մշակված և դուդուկի նվագակցությամբ ուղեկցվող «Holly Water» («Սուրբ Ջուր») երգն է:
2012-ին թողարկվեց «Who Cares» բարեգործական ռոք-նախագծի ամբողջական ալբոմը, իսկ արդեն 2013-ի սեպտեմբերին Յան Գիլանը և Ջոն Դին Գյումրիում մասնակցեցին ալբոմի վաճառքի շահույթից առաջացած գումարով կառուցված երաժշտական թիվ 6 դպրոցի նոր շենքի պաշտոնական բացմանը՝ նվիրաբերելով նաև դպրոցին մի շարք երաժշտական գործիքներ: Հավելենք, որ դպրոցի կառուցումը հնարավոր դարձավ նաև «Հայ Օգնության Ֆոնդ»-ի (ՀՕՖ), ավստրալիական «Do Something» կազմակերպության և «Մեդիամաքս» մեդիա ընկերության համատեղ ջանքերի շնորհիվ:
Յան Գիլանը իր այդ բարեգործական նախաձեռնությունների համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Պատվո Շքանշան»-ով, իսկ 2014-ին Նյու Յորքի Սբ. Վարդան Մայր տաճարի հանդիսությունների սրահում Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի կողմից նրան շնորհվել է «Հայերի բարեկամ 2014» պատվավոր կոչումը:
Նկարում՝ Թոնի Այոմին և Յան Գիլանը (աջից) Հայաստանում»:
«Holly Water» երգի տեսահոլովակը՝ https://www.youtube.com/watch?v=3GVFBKXNdLU