«Ես ատամնաբույժ չեմ, ստոմատոլոգ եմ, ես ինքս շատ հպարտանում եմ իմ առաջին մասնագիտությամբ, որևէ կոմպլեքսներ չունեմ իմ առաջին մասնագիտության վերաբերյալ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խորհրդին՝ զբաղվել ատամնաբուժությամբ, և ոչ թե՝ խառնվել Ֆեդերացիայի հարցերին:
Հ. Ռոստոմյանը նշեց, որ ինքն աշխատել է ստոմատոլոգ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ երկու տարի, դասավանդել է Երևանի պետական բժշկական համալսարանում և ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը.
«Ինչ վերաբերում է մնացածին՝ խորհուրդ տալ կամ չտալ, ես չեմ կարծում, որ պարոն Հայրապետյանն ինձ խորհուրդ տվողների ցանկում ներգրավված է: Կլինի ֆուտբոլ, այլ մարզաձև, երբ տեսնում եմ խնդիրներ, ես չեմ կարող որևէ ներգրավվածություն չունենալ, դա բացառվում է ուղղակի: Երեկվա արձագանքից հետո, այն ծրագրերը, որ նախատեսել էինք, ես ավելի կարագացնեմ, ու մոտ ապագայում բոլորը կանենք՝ ի օգուտ հայկական ֆուտբոլի»:
Անի Քեշիշյան