Գուցե մտածում են, որ իրենց պետք է շրթունքները, կրծքերը լցրած ինչ-որ մեկը. Նաիրա Մովսիսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Գուցե մտածում են, որ իրենց պետք է շրթունքները, կրծքերը լցրած ինչ-որ մեկը. Նաիրա Մովսիսյան. life.panorama.am

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ՝ դիմահարդարի իր աշխատանքի, տևական ժամանակ որպես դերասանուհի էկրաններին չերևալու և այլնի մասին:

Նաիրա Մովսիսյանը մանրամասնեց, որ այս պահին զբաղված է միայն դիմահարդարմամբ.

«Դիմահարդարմամբ զբաղվելուց բացի ունեմ նոր նախագծի առաջարկ, բայց թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, այս պահին չեմ կարող բարձրաձայնել: Իսկ ինչ վերաբերում է դիմահարդարմանը, ապա նշեմ, որ դեռ 5 տարի առաջ ԱՄՆ-ում եմ սկսել սովորել դիմահարդարել: Բայց այդ ժամանակ դա ինձ համար պարզապես զբաղմունք էր: Իսկ երբ վերջերս վաճառեցի մեքենաս, մտածեցի՝ ինչու ոչ, ինչու չզբաղվել դիմահարդարմամբ»,- պատմեց դերասանուհին և հավելեց.

«Վերապատրաստվեցի լավագույն մասնագետներից մեկի մոտ, որից հետո արդեն սկսեցի աշխատել որպես դիմահարդար: Այս պահին տեղավորվել եմ գեղեցկության սրահներից մեկում»,- ասաց Նաիրա Մովսիսյանը:

Վերջինս նշեց, որ դիմահարդարումն իրեն բավական հոգեհարազատ է: Իսկ թե արդյո՞ք հայտնի լինելն իրեն օգնում է նոր հաճախորդներ գրավելու հարցում, դերասանուհին պատասխանեց.

«Ոչ՝ հակառակը: Մեր երկրում դեռևս այդ ընկալումը չկա, որ մարդ բացի իր հիմնական մասնագիտությունից, կարող է նաև այլ աշխատանքով զբաղվել: Տվյալ դեպքում շատերը  սկսում են թերհավատորեն վերաբերել նրան: Գուցե մեծամիտ հնչի, բայց ես շատ վստահ եմ իմ աշխատանքի վրա, ես ունեմ իմ ձեռագիրը»,- նկատեց Նաիրան:

Դերասանուհու խոսքով՝ ներկայումս դիմահարդարի իր մասնագիտությունը ամենևին ստվերում չի թողնում դերասանուհու իր մասնագիտությանը.

«Ես երբևէ նույնիսկ չեմ մտածել, որ մեկը մյուսին կարող է խանգարել: Ես կարող եմ ասել, որ այս կյանքում ես հասցնում եմ անել ամեն ինչ: Պարզապես դիմահարդարի աշխատանքը, ի տարբերություն դերասանուհու աշխատանքի, ստաբիլ է: Իսկ դերասանի մասնագիտությունը միշտ իմ մեջ կա, եթե լինում է առաջարկ, ես նկարահանվում եմ, ինչից հետո կրկին անցնում եմ իմ ստաբիլ աշխատանքին»,- պատմեց Նաիրա Մովսիսյանը:

Իսկ հարցին, թե ինչի՞ հետ է նա անձամբ կապում այս պահին որպես դերասանուհի առաջարկների պակաս ունենալը, Նաիրան նկատեց.

«Դա երևի թե նրանից է, որ ժամանակի սղության պատճառով շփումը շատ չի լինում ռեժիսորների և պրոդյուսերների հետ: Կամ գուցե նրանք հասկացել են, որ ավելի է լավ է դերասանուհին  փոքր ինչ անտաղանդ լինի, բայց նաև քիչ գումար պահանջի: Գուցե նրանք մտածում են, որ իրենց պետք է շրթունքները, կրծքերը լցրած ինչ-որ մեկը, ում մոնտաժի օգնությամբ կդարձնեն լավը: Այսինքն՝ բաներ կան, որ ես իրականում չգիտեմ: Բայց ես շնորհակալ եմ ինձ հետևողներին, ովքեր իրենց անձնական նամակների միջոցով գրում են, որ հիշում և սպասում են ինձ որպես դերասանուհի: Եթե ռեժիսորները, պրոդյուսերները գտնում են, որ ես և իմ նման շատ դերասաններ, ովքեր իրենց համար միշտ բարձր վարկանիշ են ապահովել, այս պահին իրենց պետք չենք, ուրեմն ես ոչ մի բան ասել չեմ կարող: Ես ինձ համարում եմ բարձր վարձատրվող դերասանուհի, գերադասում եմ չաշխատել տարիներ շարունակ, բայց միայն թե իմ՝ որպես դերասանուհի, այսպես ասած, գինը չիջնի: Ես չեմ խաղում, որպեսզի հայտնի դառնամ, երբեք չեմ ձգտել հայտնիության: Իսկ այսօր կան մարդիկ, ովքեր իրենք են առաջարկում, որպեսզի իրենց մասին որևէ բան գրեն, սա ինձ համար պարզապես ծիծաղելի է»,- նշեց Նաիրա Մովսիսյանը և ավելացրեց.

«Ես իմ տեսակով ուրիշ եմ, հիշվող եմ: Ես երբեք գլխավոր դեր չեմ խաղացել, բայց միշտ եմ հիշվել»:

Անդրադառնալով անձնական կյանքին՝ դերասանուհին նշեց, որ այս պահի դրությամբ ինքը կենտրոնացած է միայն իր աշխատանքի վրա.

«Ցավով եմ նշում, բայց նույնիսկ անձնական կյանքի ժամանակ չունեմ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ձգտում են ինձ հետ հանդիպել կամ շփվել, երբեք չեն մտածում, որ ես պարապ չեմ, որ ես ընտանիք եմ պահում, երեխա և մայր ունեմ: Պարազապես կան տղամարդիկ, ովքեր մտածում են, որ ժամանակդ պետք է տրամադրես միմիայն իրենց, բայց դա այդպես չի լինում: Ես ինձ շատ ուժեղ մարդ եմ համարում, հավատացեք, եթե մայրս չլիներ, ես այսօր այս երկրում չէի ապրի, որովհետև այստեղ ինձ պահող որևէ բան չկա: Ինձ պետք չէ այն անունը, որ ես ունեմ այստեղ, ո՞ւմ է պետք անուն, եթե նա օրեր շարունակ աշխատանք չունի և մտածում է, թե ինչ միջոցներով պետք է պահի իր ընտանիքին: Իսկ Հայաստանն ինձ համար հենց այդ երկիրն է»,- մեզ հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:

life.panorama.am



Նման նյութեր