Արթուր Հակոբյանի գրառումը. «Ինչ խոսք, ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքի, ընտրական գործընթացի որակի, հատկանիշների վերաբերյալ լիարժեք ու ամբողջական գնահատականներ հնարավոր կլինի տալ դեկտեմբերի 9-ի քվեարկությունից, ձայների հաշվարկից հետո, նաեւ ի մի բերելով ընտրության մասնակիցների, տեղական ու հատկապես միջազգային դիտորդների հայտարարությունները:
Տարածված կաղապարային ձևակերպումն ամփոփված է «ազատ, արդար, թափանցիկ» արտահայտությամբ: Ու, ասենք, ամեն առանձին ընտրության դեպքում դիտարկվում է դրա համապատասխանությունը նշված բնորոշումներին: Արդեն երեկ լրահոսում նկատվեցին տեղական դիտորդներից մեկի նման բնորոշումներ, մասնավորապես, որ ընտրապայքարը «մրցակցային էր, ազատ»: Կար նաեւ «արդար» բառը:
Բայց, լիարժեք օբյեկտիվորեն դիտարկելով՝ «արդար» բնորոշման վերաբերյալ արդեն հիմա, ավելին՝ դեռ թեկնածուների գրանցման ավարտի պահից կան վերապահումներ:
Մենք, համենայն դեպս, տեսնում ենք առաջիկա ընտրությունների հետ կապված «արդար» բնորոշումը կիրառելու որոշակի վերապահումներ:
Նման մոտեցման առիթներից մեկը, իհարկե, արտահերթ ընտրություններն անպայման այս տարվա ընթացքում անցկացնելու կամ դրա անցկացման ժամկետը հնարավորինս «առաջ բերելուն» է վերաբերում: Ու, դրանով պայմանավորված՝ նախընտրական բոլոր գործընթացները արագացնելու, դրանց համար նախատեսված ժամկետները սեղմելու մասին է խոսքը:
Կարելի է ասել, որ ընտրության բոլոր 11 մասնակիցների համար նույն պայմաններն էին, նույն ժամկետները, բոլորն էլ արտահայտվելու հնարավորություն ունեցան, եւ էլի՝ նման բաներ:
Այո, դա այդպես է՝ գրանցված բոլոր 11 ուժերի վրա նույն ժամկետներն էին տարածվում, իհարկե, եւ՝ այո, բոլորը ամեն դեպքում արտահայտվելու հնարավորություն ունեցան: Ընտրություններից հետո կարելի է ամփոփել, թե ով որքան եթերաժամանակ կամ նախընտրական «մակերես» ունեցավ:
Իսկ ի՞նչ ասել մյուս ուժերի եւ կուսակցությունների դեպքում, որոնք հայտարարեցին արտահերթ ընտրություններին չմասնակցելու մասին: Եվ այդ՝ չմասնակցողների քանակական կազմն էլ պակաս տպավորիչ չէ: Խոսքը մոտ մեկ տասնյակ, եթե ոչ ավելի կուսակցույթունների մասին է: Այնպիսի ուժերի, ինչպես ասենք՝ ՀԱԿ-ը, ԱԺՄ-ն, ՀԴԿ-ն, «Երկիր ծիրանին», «Ժառանգությունը», Հայկոմկուսը…
Նկատենք, որ բոլոր այս ուժերը ժամանակին ներկայացված եղել են խորհրդարանում: Թերեւս բացի ՀԴԿ-ից ու «Երկիր ծիրանիից», մյուսներն այնպիսի ներկայացվածություն են ունեցել տարբեր գումարման խորհրդարաններում, որ հանդես են եկել իրենց կուսակցական խմբակցություններով:
Հասկանալի է, որ ժամանակները փոխվում են, տրամադրությունները, հասարակության վերաբերմունքը եւ այդպես շարունակ: Այսինքն՝ ինչ-որ անխախտ կանոն չէ, որ մի ուժ եղել է խորհրդարանական, ուրեմն միշտ էլ լինելու է: Ոչ, իհարկե:
Բայց «հումորն» այն է, որ բոլոր այս կուսակցությունները կան, գոյություն ունեն, ոչ մեկը լուծարված չէ: Ավելին՝ այդ կուսակցությունների առաջին դեմքերն էլ կան, նրանցից մի քանիսը բավական ակտիվ են, մյուսները միգուցե՝ ոչ այնքան: Իսկ փաստն այն է, որ այս բոլոր ուժերը որոշեցին չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: Մյուս վատ հանգամանքն էլ այն է, որ թվարկված ու չթվարկված չմասնակցող կուսակցությունների մի մասը հայտարարեց, որ իրենց այդ որոշումը պայմանավորված է արտահերթ ընտրությունների ժամկետը «առաջ բերելով», գործընթացն արագացնելով:
Ի դեպ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ, հնարավոր է, կուսակցություն ձեւավորեր եւ մասնակցեր, եթե ժամանակ ունենար: Ի վերջո, նա էլ հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների ժամկետը նկատի ունենալով՝ պարզապես չի հասցնի մասնակցել: Դա էլ՝ իր հերթին:
Վերը հիշատակված կուսակցությունները, իհարկե, այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժերը չեն, անկախ նրանից, թե իրենք կամ իրենց լիդերները տարբեր ժամանակներում ինչպիսի աջակցություն կամ ազդեցություն են ունեցել:
Բայց այնպես էլ չէ, թե այդ բոլոր ուժերը չունեն իրենց համակիրները, կողմնակիցները, ընտրազանգվածը, ի վերջո: Բնական է, որ ընտրազանգվածի ներկայացուցիչները կվերակողմնորոշվեն ու ընտրություն կկատարեն մասնակիցներից մեկնումեկի օգտին, եթե գնան ընտրության:
Բայց տվյալ դեպքում մեր ընկալմամբ էականն այն է, որ մի ամբողջ շարք քաղաքական կազմակերպություններ չեն մասնակցում ու չեն կարողացել մասնակցել այս արտահերթ ընտրություններին՝ դրանց անցկացման ժամկետն «առաջ բերելու» պատճառով: Ու հենց այդ իրողությունից ելնելով է, որ կոնկրետ վերապահում ունենք առաջիկա ընտրությունները որպես «արդար» բնորոշելուն:
Ավելին: Չի կարելի բացառել, որ ձեւավորվելիք խորհրդարանը քաղաքականապես լինի միատարր: Իսկ դա արդեն հուշում է, որ առաջիկա ժամանակահատվածում շատ հնարավոր է, որ հիմնական քաղաքական բանավեճը, առհասարակ՝ մտքերը, առաջարկությունները, լուծումների ձեւակերպումները խմորվեն առավելապես արտախորհրդարանական միջավայրում: Քաղաքական կյանք ասվածն էլ, այդ դեպքում, կծավալվի առավելապես խորհրդարանից դուրս:
Ի վերջո, ընտրություններով ամեն ինչ չի վերջանում, չմասնակցող կուսակցություններն էլ ասպարեզից հեռանալու մասին կարծես չեն հայտարարել, էլ չենք ասում, որ առաջիկայում կարող են նոր կուսակցություններ էլ ձեւավորվել, որոնք, ինքնաբերաբար, կլինեն արտախորհրդարանական ուժեր:
Կա մի սրամիտ ձեւակերպում. քվեարկությունից հետո սկսվում է հաջորդ ընտրությունների պայքարը:
—
Հրապարակվել է «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում»: