«Ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում մեծ դերակատարում ունեցավ Facebook սոցիալական ցանցը: Իշխանափոխության ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը Facebook սոցիալական ցանցում համակարգված աջակցություն են ցուցաբերել կեղծ օգտահաշիվները, որոնց շնորհիվ ցանցում մեծամասնության իմիտացիա է ստեղծվել:
Իշխանափոխությունից հետո Փաշինյանին սատարող կեղծ օգտահաշիվների թիվը կտրուկ աճել է, իսկ նրանց գործունեությունը ցանցում դարձել է ավելի համակարգված և թիրախային: Այս համատեքստում մենք Facebook սոցիալական ցանցում մոնիթորինգ իրականացրինք և հայտնաբերեցինք վերոգրյալ գործառույթն իրականացնելու համար ստեղծված 2000-ից ավել հին ու նոր կեղծ օգտահաշիվներ: Կեղծ օգտահաշիվների հիմնական գործառույթը Նիկոլ Փաշինյանի էջում հավանումների, մեկնաբանություններ գրելու և նյութերը տարածելու միջոցով հանրային բարձր աջակցության իմիտացիա ապահովելն է եղել:
Այս օգտահաշիվները ժամանակ առ ժամանակ ատելության խոսքի քարոզ և խտրականության կոչեր են անում, և այդ ամենը կատարվում է խիստ համակարգված ձևով, ինչից էլ կարելի է ենթադրել, որ նրանք հրահանգավորվում են կառավարության անդամների կամ ՔՊ կուսակցության կողմից:
Այս արատավոր երևույթի դեմ պայքարելու նպատակով մենք հրապարակում ենք այդ կեղծ օգտահաշիվների առաջին մասը, որտեղ հիմնականում ներառված են Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հավանումներ ապահովելով զբաղված և նյութերը մեկնաբանած կեղծ օգտահաշիվները:
Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից համակարգվող արդեն իսկ հայտնաբերված 2000-ից ավել կեղծ օգտահաշիվների տվյալները մշակվում են և պարբերաբար կներկայացվեն ձեր դատին»: