Դաշնակցությունը չի շտապում հայտարարություն անել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանը:
«Այս պահին քաղաքական հայտարարությունը ճիշտ չի լինի, գնահատականներ չեմ ուզում տալ՝ հարցը թողնելով իրավաբաններին, դատարանին: Ամեն դեպքում մենք կհետևենք գործընթացին»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննությունն այնքան մեծ հնչեղություն ու նշանակություն ունի, որ ամեն ինչ պետք է արվի բծախնդրորեն՝ հարգելով օրենքի տառը: Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այս գործը լինելու է դատական համակարգի քննությունը:
«Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու հարց չէ, մենք շարժվում ենք նույն տրամաբանությամբ, անկախ քաղաքացու դիրքից, եթե մեղավոր է, ուրեմն պետք է պատասխան տա: Պարզապես մենք ցանկացել ենք ընտրությունների հետ կապված քաղաքական հայտարարություններ չլինեն: Վստահ եմ՝ ժամանակին հայտարարություն անելու հնարավորություն կունենանք»,-ասաց նա: