«Հայաստանում տեղի ունեցած արտառոց՝ թավշյա հեղափոխության առաջնորդը այս ընտրությամբ կանգնած է վճռորոշ քննության առաջ», – հաղորդում է BBC-ի թղթակիցը՝ փաստելով, որ ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից մինչև օրս Փաշինյանի վարկանիշը մնում է շատ բարձր: Հեղինակավոր լրատվամիջոցի հետ զրույցում շարքային հայաստանցիները գոհունակությամբ են խոսել նոր կառավարության քաղաքականության մասին: Իշխանությունը կորցրած հանրապետականները, սակայն, դժգոհել են: «Քաղաքական ուժերն այս ընտրություններին լավ պատրաստվելու ժամանակ չունեին»,- ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Economist հանդեսը, անդրադառնալով հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, փաստում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո դառնալով վարչապետ՝ Փաշինյանը, ըստ էության, ստիպված էր առաջնորդել կառավարությունը առանց իշխող կուսակցության: «Չնայած դրան, նրան հերոսի նման են երկրպագում»,- գրում է հեղինակավոր բրիտանական հանդեսը՝ փաստելով նաև, որ ընդդիմախոսները քննադատում են Փաշինյանի հանրահավաքներն ու ֆեսյբուքյան ուղիղ միացումները, մինչդեռ հայաստանցիներից շատերը պնդում են, որ վերջապես իշխանության է եկել մի առաջնորդ, որը լսում է իրենց: «Երևանով մեկ, անգամ քաղաքի մռայլ թաղամասերում մարդիկ պնդում են, թե հույս է արթնացել և դրվատում են նոր կառավարությանը՝ համատարած կոռուպցիային վերջ տալու, ազդեցիկ օլիգարխներին սանձահարելու և նոր սերնդի պատմության մեջ առաջին ազատ ու թափանցիկ ընտրությունների ճանապարհը հարթելու համար»,- գրել է Economist-ը:
«Հայաստանյան հեղափոխությունն առկայծող լույս է մթագնող Եվրոպայում»,- գրել է Միացյալ Նահանգներում լույս տեսնող The Nation պարբերականը՝ փաստելով, որ նախկին Խորհրդային Միության տարածքում սա առաջին իշխանափոխությունն է, որ սկիզբ առավ փողոցներում՝ առանց արտաքին միջամտության: «Ես վերջին տարիներին մի քանի անգամ եղել եմ Հայաստանում՝ ամեն անգամ ականատես դառնալով համատարած ընկճախտի»,- գրում է ամերիկյան պարբերականի թղթակիցը՝ հավելելով, որ վերջին անգամ՝ հոկտեմբերին, ճիշտ հակառակ պատկերն էր․- «Ապագայի հանդեպ լավատեսության ալիքը ակնհայտ էր ու հզոր, ռազմականացման կամ բռնաճնշումների որևէ նշույլ հեղափոխությունը չի ստվերել, և իրականում ժողովրդավարական ու սահմանադրական նորմերն է՛լ ավելի են տարածվել ու ամրապնդվել»:
Al jazera-ի թղթակիցը արտահերթ ընտրություններին հետևելու համար ժամանել է Հայաստան և տեղից հաղորդել է՝ Փաշինյանի հաղթանակը ավարտին կհասցնի այն խաղաղ հեղափոխությունը, որ նա սկսել էր այս տարի ավելի վաղ․ – «Նա ընդամենը մի քանի պատգամավոր ուներ խորհրդարանում, և հիմա այս ընտրություններով փորձում է ունեցած համատարած աջակցությունը դարձնել լեգիտիմ իշխանություն, որով կարող է առաջ տանել այն բարեփոխումները, որ խոստացել է հայ ժողովրդին»:
«Շատ հպարտ եմ Հայաստանի իմ քույրերով ու եղբայրներով, որոնք պատրաստվում են նոր խորհրդարան ընտրել քայքայիչ, անարդար ու կոռումպացված վարչակազմից ազատվելուց հետո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրահայտ ռոք աստղ Սերժ Թանկյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդն «ուզում է և արժանի է հասնել արդարության», և պետք է «պատասխանատվության կանչի բոլոր նրանց, ովքեր մեղավոր են նախորդ անարդարությունների համար»:
«Նախագահները, որ միլիարդատեր են դարձել պաշտոնավարման ընթացքում, հայրենասերներ չեն, կաշառակերներ են»,- գրել է System of a Down-ի հիմնադիրը՝ եզրափակելով.- «Դեռևս շատ աշխատանք կա անելու, հատկապես տնտեսական դաշտում: Բայց ամենակարևորն այն է, որ մարդիկ արթնացել են նիրհից և զգում են, որ կարող են փոփոխությունների հասնել»: