Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. պատճառը երեկ գյուղապետի պաշտոնակատարի ու նրա համակիրների կողմից մի քանի գյուղացիների դանակահարման դեպքն է. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. պատճառը երեկ գյուղապետի պաշտոնակատարի ու նրա համակիրների կողմից մի քանի գյուղացիների դանակահարման դեպքն է. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Նոր Գեղի գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չեղյալ հայտարարի իր իսկ կողմից ընդունած որոշումը, որով Նոր Գեղիի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Վարդան Պապյանին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ողջ գյուղը մի մարդու նման կանգնել, պահանջում է Պապյանի հրաժարականը, իսկ մարզպետ երկու ոտքը դրել մի կոշիկի մեջ, չի ցանկանում գյուղացիների խոսքը լսել։

Իսկ մենք միայն պահանջում ենք, որպեսզի Վ. Պապյանը ազատվի աշխատանքից և մինչև նոր գյուղապետի ընտրությունները, գյուղապետի պաշտոնակատար նշանակվի գյուղում հարգանք վայելող գյուղապետի տեղակալ Վանիկ Մնացականյանը։ Օրեր առաջ էլ՝ ի նշան բողոքի, բարձրացրեցինք այդ խնդիրը, և այդ ժամանակ մարզպետը խոստացավ, որ գյուղացիների սրտով է լինելու, բայց ստացվեց, որ մարզպետը հայտնի ֆիլմի Զիմզիմովի նման մեզ խաբում է։

Մեր համբերության բաժակն արդեն լցվել է, ու մարզպետը պետք է ի վերջո իմանա ժողովրդական հայտնի խոսքը, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Իսկ իրա նշանակած գյուղապետի պաշտոնակատարը ավելի շատ քոթուկ է, քան գերան։ Երեկ էլ իրա ու իրա թայֆայի կողմից գյուղում դանակահարության դեպք է տեղի ունեցել, և 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նա, որ դեռ գյուղապետ չի, իր թայֆով հարբած վիճակում դանակ է հանում մեր դեմ, վաղը գյուղապետ դառավ, ասա՝ մեր տան լույսերն անջատենք ու քոչենք գյուղից։ Դա՞ է մարզպետի ուզածը, եթե դա է, ապա հաստատ մարզպետին ու իր թեկնածուին երազախաբություն է ստացվում»։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ով մարզպետարանից ժամանած մեկ այլ պաշտոնյայի հետ ժողովրդի հետ բանակցություններ է վարում, որպեսզի ճանապարհը ժամանակավորապես բացեն։ Վարչության պետը ժողովրդին հայտնեց նաև, որ մարզպետն աշխատանքից ազատել է ժամանակավոր պաշտոնակատար Վ. Պապյանին, սակայն գյուղացիները նախորդ դեպքը իրենց աչքի տակ ունենալով՝ ասում էին. «2 ամիս առաջ էլ էր մարզպետն ասում, թե ազատել եմ, և հետո գյուղացիներին ասել էր՝ ստորագրություններ հավաքեք, և գյուղացիները 1500-ից ավելի ստորագրություն էին հավաքել, սակայն ոչ մի դրական արդյունք։

Ու հիմա, երբ գյուղացիներին ասում են, որ մարզպետը նրան ազատել է աշխատանքից, ժողովուրդն էլ ասում է՝ թուղթը տենանք, ինչպես հայտնի ֆիլմում՝ Պեպոյի բարաթը»։ Այս պահին գյուղացիները հավաքվել են Նոր Գեղիիի գյուղապետարանի դիմաց և պահանջում են հանդիպում մարզպետի հետ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավագ սերնդի մեծ թվով գյուղացիներ էլ ասում էին. «Նախկին գյուղապետը՝ Ֆրոնտիկ Թևոսյանը, գյուղում խաղաղության աղավնու դեր էր տանում։ Ոչ մի անգամ նրա պաշտոնավարման ընթացքում գյուղում վեճ-վիճաբանություններ տեղի չէին ունենում։ Դրա համար էլ իրան կես կատակ-կես լուրջ ասում էին Նոյի խաղաղության աղավնի։

Իսկ էս թազին՝ Վ. Պապյանին, որ մարզպետն է նշանակել, ոնց որ Նոյի ագռավը լինի։ Դե հիմի հաշիվներդ առեք՝ աղավնի՞ն է լավը, թե՞ ագռավը։ Մեզ ձեռ է տալիս աղավնին, ինչքան էլ ասեն՝ ագռավը 100 տարուց ավելի է ապրում»։

shamshyan.com