Life.panorama.am-ը առաջիկայում կփորձի շոու բիզնեսի ներկայացուցչների հետ ամփոփել անցնող տարին: Այսօր մեր զրուցակիցն է դերասան Սուրեն Առուստամյանը:
«2018-ը աշխատանքային տարի էր ինձ համար: Բուռն աշխատանքային շրջան «Արմնյուզ»-ում՝ կապված առավոտյան ծրագրի հետ, նաեւ իմ ու Արփի Մաիլյանի ծրագիրը՝ «Հիմա ուր»-ը: Այս ամենին գումարվեցին նոր սերիալների նկարահանումներ ու նաեւ վերադարձ թատրոն»,- տարվա աշխատանքային հաջողությունների մասին խոսելով կոնկերտ փաստերով՝ նշեց Սուրենը:
Իր բնականոն հունին համապատասխան՝ տարին լի է լինում ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ բացթողումներով: Այս մասին խոսելիս՝ դերասանը ժպիտով նկատեց.
«Բացթողումներ, իհարկե, լինում են, այն, որ ուզում ես միաժամանկ անել ամեն ինչ, բայց հետո հասկանում ես, որ դու էլ մարդ ես ու ֆիզիկապես չես կարող հասցնել, ու այդ ժամանակ մտածում ես՝ «Ափսոս, որ Սուպերմենը չեմ»:
Մարդկային ձեռքբերումների ու կորուստների առումով եւս Սուրենի համար անցնող տարին եւ լավ, եւ վատ իմաստով հիշվող է լինելու:
«Տարին, բնականաբար, հարուստ էր նաեւ նոր ծանոթություններով, նոր ընկերներով եւ նոր ԼԱՎ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ: Ցավոք, ուեցա նաեւ կորուստ, մեծ կորուստ, մեծ ցավ ապրեցի: Էդ ցավը երբեք չի անցնի, գուցե տարիների ընթացքում մեղմանա, բայց հաստատ դա չի անցնում…»,- նշեց Սուրեն Առուստամյանը՝ չցանկանալով ավելին մանրամասնել:
Իսկ գալիք՝ 2019-ից Սուրենը մեծ սպասելիքներ ունի.
«2019-ից սպասում եմ, որ այն կրկին կլինի բուռն աշխատանքային, հագեցած տարի՝ նոր հաղորդումներով, նոր ֆիլմերով, նոր շրջագայություններով, նոր ներկայացումներով, առանց կորուստների եւ երեխաներիս ձեռքբերումներով»- ավարտեց մեր զրուցակիցը: