Նոր Գեղի գյուղում դեկտեմբերի 9-ին 4 անձանց դանակահարության մեջ կասկածվող Գևորգ Բ.-ն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության բաժին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Դեկտեմբերի 9-ին, ժամը 22:30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, նման է վիճաբանության:
Մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել: Դեկտեմբերի 10-ին, ժամը 00.50-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքեր ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ: Նույն օրը, Նոր Նորքի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 23.40-ին «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել մի տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Նոր Գեղի գյուղում անհայտ անձից դանակով հարված ստանալու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ժամանակ Գևորգ Բ.-ն դանակով հարվածել է տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության` դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կոտրված դանակ:
«Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 10-ին ժամը 23-ն անց 30-ին, Գևորգ Բ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով մարմնական վնասվածքներ հասցրել 4 տղամարդկանց: Գևորգ Բ.-ն ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին: Կատարում է քննություն»:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարեն Խաչատրյան