Հատկապես երեխաների սիրելի երգչուհի Լիդուշիկը և դերասան Սարգիս Գրիգորյանի դուստրը՝ Յանան, ով հանդես է գալիս Yana Sweet անվամբ, ներկայացրել են իրենց համատեղ՝ «Բարի օր» տեսահոլովակը, որի մանրամասների մասին Լիդուշիկը պատմել է Life.panoarama.am-ին:
Լիդուշիկը նշեց, որ Յանայի կամքն է եղել երգարվեստում իր առաջին քայլն անել հենց իր հետ.
«Մանոն ու Սարգիսը միշտ ինձ ասում էին, որ Յանան շատ է սիրում երգել և հատկապես իմ եգերը, ինչը, բնականաբար, ինձ շատ էր ուրախացնում: Նրանք ցանկանում էին, որ Յանան երգարվեստ մուտք գործի հենց ինձ հետ դուետով: Իրականում՝ ինձ հետ դուետ ունենալու շատ առաջարկներ եմ ստանում, բայց ամեն անգամ ինչ-որ մի բան խանգարում է, ուրախ եմ, որ այս անգամ ոչին չխանգարեց, ժամանակ գտա ու կայացավ մեր զուգերգը»,- պատմեց Լիդուշիկը:
«Բարի օր» երգի երաժշտության հեղիանկը Մանե Հակոբյան է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Երգի ու տեսահոլովակի ստեղծման ընթացքում Մանոն ու Սարգիսը հետևել են Լիդուշիկի խորհրդին.
«Սարգիսն ու Մանոն խնդրանքս չմերժեցին, որ տեսահոլովակը նկարահանի Արտյոմ Հարությունյանը, ով միշտ նկարահանում է իմ տեսահոլովակները: Մոնտաժի հարցում ևս իմ խորհրդով դիմեցինք «M2 production»-ին՝ Մանվելի գլխավորությամբ, ով դարձյալ մշտապես մոնտաժում է իմ տեսահոլովակները: Առհասարակ երգի ու տեսահոլովակի ստեղծման հարցում Սարգիսն ու Մանոն ինձ հետ համաձայնեցին, ինչի համար շանորհակալ եմ»,- հավելեց նա:
Լիդուշիկը պատմեց, որ Յանայի հետ զուգերգի ողջ ընթացքում հիշել է իր ու Նունե Եսայանի դուետը.
«Ակամա հիշում էի իմ և Նունե Եսայանի համատեղ աշխատանքը: Այն ժամանակ էլ ես էի փոքրիկի դերում: Թեև այդ շրջանում ես արդեն իսկ բազմաթիվ տեսահոլովակներ ունեի, բայց այն, ինչ կատարվում էր մեր համատեղ աշխատանքի ժամանակ, ինձ համար նորություն էր, ու ես փորձում էի հնարավորինս շատ բան սովորել Նունեից: Իսկ իմ ու Յանայի տեսահոլովակի նկարահանման ժամանակ փորձել եմ ինքս Յանուիկին փոխանցել իմ հմտությունները, ինչպես Նունեն էր իմ հանդեպ հոգատար տարիներ առաջ, այնպես էլ ես էի փորձում նույնն անել Յանուկին»,- նշեց նա, իսկ հարցին, թե ինչպես է գնահատում Յանայի հնարավորություններն այս ասպարեզում, պատասխանեց.
«Կարծում եմ, որ եթե նա շատ աշխատի, փորձի ամեն անգամ նախորդից ավելի հաջող գործեր ներկայացնի, ապա հաստատ մեծ հաջողությունների կհասնի: Իհարկե, այդ ճանապարհին ամենակարևորը սերն է երգի ու բեմի նկատմամբ և անկեղծությունը: Նա պետք է չտրտնջա ու չհոգնի, այլապես ցանկացած գրանցված հաջողություն շուտ կմոռացվի: Ես չեմ ցանկանա, որ Յանուկը ինձ կամ մեկ ուրիշին նմանվի, ուզում եմ ստեղծի իրենը, իրեն գտնի փոքրերի աշխարհում ու նոր կերպար գտնի իր համար»:
Ի դեպ՝ մեզ հետ զրույցից անմիջապես հետո Լիդուշիկը մեկնում էր ԱՄՆ՝ համերգային շրջագայության: Երգչուհին Ամանորը կանցկացնի այնտեղ, իսկ արդեն 2019-ին կներկայանա թարմ ուժերով ու նոր կերպարով:
«Անցնող տարվա ընթացքում մի քանի տեսահոլովակներ ենք նկարահանել, որոնք կցուցադրեմ արդեն գալիք տարում: Պատրաստվում եմ ներկայանալ նոր կերպարով ու արդեն ավելի հասուն երգերով»,- ավարտեց Լիդուշիկը: