Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանից Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե իրենց թատրոնն ինչ վերաբերմունք ունի ՀՀ մշակույթի նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարության նախաձեռնությանը, ըստ որի կենսաթոշակառուներին կտրամադրվեն մշակութային միջոցառումների անվճար տոմսեր:
«Անշուշտ, մենք էլ սիրով միացել ենք այդ նախաձեռնությանը, և մեր յուրաքանչյուր ներկայացումից 40-50 տոմս է տրամադրվում Մշակույթի նախարարությանն ու նրանք էլ իրենց հերթին համապատասխան կառույցների միջոցով փոխանցում են հերթագրված թոշակառուներին: Կա հետաքրքրվածություն, բայց հստակ ասել չեմ կարող, որ տրամադրված բոլոր նստատեղերը զբաղեցվում են»,- նշեց նա:
Թատրոնի տնօրենը նախաձեռնությունը շատ գովելի է համարում, բայց նաև առաջ քաշեց հնարավոր ռիսկերը:
«Երբ այս նախաձեռնության քննարկումները եղան, ինքս նախարարին հուշեցի մի կարևոր խնդրի մասին, այն է՝ պետք է հնարավորինս խիստ հսկվի, որպեսզի տրամադրված տոմսերով իսկապես թոշակառուները գան ներկայացում դիտելու, այլ ոչ թե այն փոխանցեն իրենց թոռներին, կամ առավել ևս՝ վաճառեն: Իրականում՝ մեր թատրոնը նախինում հաճախ է որոշակի քանակությամբ տոմսեր տրամադրել ոչ միայն թոշակառուներին, այլև տարբեր խմբերի մարդկանց, և կան բացահայտված դեպքեր, երբ այդ տոմսերը հենց թատրոնի դռների մոտ բերել ու վաճառել են ավելի պակաս գնով, քան տոմսի արժեքն է: Այսինքն՝ նախաձեռնությունը հրաշալի է, եթե այն իսկապես իրագործվի: Պետք է այնպես հրահանգավորել տարածքային սոցիալական բաժնի աշխատողներին, որպեսզի թոշակառուների փոխարեն նրանց թոռները կամ երեխաները չգան, կամ ինչպես նշեցի՝ վաճառեն: Չեմ ցանկանա, որ այս լավ նախաձեռնությունը անհաջող հետևանքներ ունենա»,- ընդգծեց Կարո Շահբազյանը: