Մեծ կաշառքի գործով դատը սկսվեց. մեղադրյալի աթոռին 19 հոգի են. armlur.am
Advertisement 1000 x 90

Մեծ կաշառքի գործով դատը սկսվեց. մեղադրյալի աթոռին 19 հոգի են. armlur.am

Դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ սկսվեց Բագրատաշենի մաքսակետում կաշառքի մեծ գործով դատավարությունը: Մեղադրյալի աթոռին 19 հոգի են: Նրանցից Վահե Օհանյանը եւ Արթուր Մարգարյանը մաքսակետի պաշտոնյաներ են, մնացածները` Տավուշի մարզի բնակիչներ, ովքեր կաշառքով, ապօրինաբար 2017թ. Վրաստանից Հայաստան ապրանքներ են ներկրել:

Վահե Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող անձ, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակից, այդ բաժանմունքի աշխատակից Արթուր Մարգարյանի միջնորդությամբ Տավուշի մարզի տարբեր գյուղերի բնակիչներից 2017թ. օգոստոս-դեկտեմբերի ամիսների ընթացքում վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար Ա. Մարգարյանի միջոցով նրանցից տարբեր չափով գումարների կաշառք է ստացել:

Արթուր Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նշված ժամանակահատվածում նպաստելով Վահե Օհանյանի եւ կաշառք տված քաղաքացիների միջեւ կաշառքի շուրջ համաձայնության գալուն` 18 դեպքով կատարել է կաշառքի միջնորդություն: Արմեն Մատոյանը մեղադրվում է այն բանի համար, որ Վրաստանից ապրանքների անօրինական ներկրման հարցում պաշտոնատար անձի հովանավորչությունը ստանալու համար վերը նշված ժամանակահատվածում չորս դեպքերով ազգականներ Էդգար Մատոյանի եւ Հարություն Շիրվանյանի օժանդակությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակից Արթուր Մարգարյանի միջնորդությամբ տարբեր չափերի գումարի կաշառք է տվել Վահե Օհանյանին:

Էդգար Մատոյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա չորս դեպքերով օժանդակել է իր եղբոր` Արմեն Մատոյանի կողմից Բագրատաշենի բաժանմունքի պաշտոնատար անձին կաշառք տալուն:

Այս գործով մեղադրյալներ Հարություն Շիրվանյանին, Արտաշես Հարությունյանին, Լեւոն Ավագյանին, Վաչե Ասատրյանին, Արկադի Նավասարտովին, Հրաչիկ Ջալալյանին, Ռուսլան Դանիլովին, Արա Հակոբյանին, Արամ Հարությունյանին, Ռաֆիկ Անդրեասյանին, Վլադիմիր Մաթեւոսյանին, Արտակ Կիրակոսյանին, Մհերիկ Բաղդասարյանին, Սեւակ Խաչատրյանին ու Սասուն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել Վրաստանից առանց օրենքով սահմանված ստուգումների, հայտարարագրման եւ մաքսատուրք վճարելու տարբեր ապրանքներ Հայաստան ներմուծելու համար միջնորդի միջոցով կաշառք տալու համար:

Ոսկան Սարգսյան, Տավուշ

armlur.am