Անձնական նկատառումներով եմ դուրս եկել Հ1-ից` այդ նյութն ամբողջովին զրպարտանք է. Ալեքսանդր Հակոբյան. asekose.am
Advertisement 1000 x 90

Անձնական նկատառումներով եմ դուրս եկել Հ1-ից` այդ նյութն ամբողջովին զրպարտանք է. Ալեքսանդր Հակոբյան. asekose.am

«Ուզում եմ անդրադառնալ այն կայքին, որը գրել էր իմ` աշխատանքից դուրս գալու և դրա հետ կապված մտացածին կոնֆլիկտի մասին, Նոր տարվան և ամանորյա դեկորների գումարին վերաբերող պատճառին, որի մասին առաջին անգամ կարդացի հենց այդ նյութում: Սա ամբողջովին զրպարտանք է: Ես շատ նորմալ, ընկերական հարաբերությունների մեջ եմ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հետ, ունեցել ենք և ունենք նորմալ գործընկերային հարաբերություններ, նման խնդիր ընդհանրապես չկա: Այն թեմատիկան, որը նշված է, ամբողջությամբ զրպարտություն է, ես առաջին անգամ հենց  այդ նյութում կարդացի նման բան: Նշեմ ավելին, որ ես երբեք չեմ բացառում Հանրային հեռուստաընկերությունում կրկին աշխատելու հեռանկարը: Հանրային հեռուստաընկերությունից իմ  հեռանալն ունի անձնական դրդապատճառներ: Ես իմ անձնական նկատառումներով եմ դուրս եկել, ես իմ անձնական պլաներն ունեմ, և շատ վատ է, որ դա շահարկվում է ոչ պրոֆեսիոնալ լրագրողների կողմից նման զրպարտանքների ձևով, ավելին՝ երբ կոնկրետ զանգ է լինում այն մասին, որ գրածը չի համապատասխանում մեր խոսակցությանը, տեղի չի ունենում համապատասխան պրոֆեսիոնալ արձագանք»,- Asekose.am-ի հետ զրուցում պարզաբանեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության և արտաքին կապերի արդեն նախկին տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը՝ մեկնաբանելով կայքերից մեկում հրապարակված նյութը, ըստ որի՝ ինքն աշխատանքից ազատվել է Մարգարիտա Գրիգորյանի հետ ունեցած աշխատանքային անհամաձայնության պատճառով:

Ալեքսանդր Հակոբյանի խոսքով՝ ամանորյա դեկորների մասին լրագրողն անգամ իրեն հարց չի ուղղել:

«Երբ լրագրողն ինձ զանգահարեց, հարցրեց՝ աշխատանքից հեռացե՞լ եք, ասացի՝ այո, ապա շարունակեց. «Աշխատանքից հեռանալու պատճառը եղել է Մարգարիտա՞ն»:  Ասացի ՝ոչ, և խնդրեցի  իմ անձնական տիրույթին վերաբերող հարցերը չհանել լրագրողական դաշտ:

Երբ զանգահարեցի լրագրողին և հարցրի՝ այս ի՞նչ եք գրել, նա  ինձ պատասխանեց, որ ինքը միայն զանգն է կատարել, իսկ նյութի գրողը գրասենյակում չէ: Ես նրան ասացի, որ պետք է ամեն ինչ արագ պարզել,  որովհետև ինքն ինձ այդպիսի հարց չի տվել, որ նման հարց չենք քննարկել, որ ամանորյա դեկորների  մասին պատմությունը իրենք են հորինել: Փաստորեն, մեր խոսակցությունը լրագրողի հետ ոչ մի նշանակություն չուներ»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Ալեքսանդր Հակոբյանը:

Թեմայի վերաբերյալ Asekose.am-ը պարզաբանում խնդրեց նաև Հանրային հեռուստաընկերությունից:

«Մեր գործընկեր Ալեքսանդր Հակոբյանը դեկտեմբերի 7-ին դադարեցրել է իր աշխատանքն Հանրային հեռուստաընկերությունում, որը որևէ միջադեպի արդյունք չէ, այլ աշխատանքի փոփոխության իր որոշումը։ Նա Հանրայինում է 2016 թվականից և զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ, մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ 2016» երգի մրցույթին, հանդես է եկել նաև որպես հաղորդավար: Այս պահին նա նոր հաղորդման առաջարկ ունի, այնպես որ մեզ ոչ միայն պարզ չեն իր հեռացման մասին հորինված լուրերն, այլև այդ նյութում տեղ գտած որևէ թեմա չի համապատասխանում իրականությանը: Ալեքսանդր Հակոբյանի հեռացման մասին լուրերը հորինված են, ինչպես և նյութում տեղ գտած մնացյալյալը, որն անգամ պարզաբանման կարիք չունի, քանի որ հնարավոր չէ պարզաբանել ստահոդ ու հորինված նյութը»,-մեզ հետ զրույցում նշեց Հանրային հեռուստաընկեության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Էմմա Հակոբյանը:

asekose.am



Նման նյութեր