Մահվան ելքով վրաերթ Երևանում. ՀՀ ՊՆ համարանիշներով Kia-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին… shamshyan.com
Advertisement 1000 x 90

Մահվան ելքով վրաերթ Երևանում. ՀՀ ՊՆ համարանիշներով Kia-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին… shamshyan.com

…Իսկ մեկ այլ ավտոմեքենա, որը, ըստ ականատեսների, Range Rover է, կրկնակի վրաերթի է ենթարկել վիրավորին, ով տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրլի հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և մինչ շտապօգնության ժամանումը, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Kia-ի վարորդն իջավ ավտոմեքենայից, մոտեցավ գետնին ընկած կնոջն ու փորձում էր օգնություն ցուցաբերել, երբ վերևից սպիտակ գույնի Range Rover, որի համարները չհասցրեցինք տեսնել, մեծ արագությամբ անցավ գետնին ընկած կնոջ վրայով, իսկ Kia-ի շոֆեռը հազիվ կարողացավ փախնել Ռենջի առաջից»։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, Երևանի Ճանապարհային Ոստիկանության պետ Արման Հակոբյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալներ Հայկազ Մաթևոսյանն ու Դավիթ Ավագյանը։ Ժամանել են նաև Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, ով Երևանի ՃՈ պետի հետ մեկնել է Ճանապարհային Ոստիկանություն, որպեսզի պարզեն կասկածյալ Range Rover-ի համարանիշներն ու վարորդի ինքնությունը։

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել բաժնի պետ Արտաշես Վանյանը, սակայն, քանի որ Kia-ն հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, դեպքի փաստով քննությունը վարելու է Ռազմական Ոստիկանությունը։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում նաև ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության և ուղեկցող դասակի ծառայողները՝ ջոկի հրամանատար Ալբերտ Սաֆարյանի և տեսուչ Նարեկ Սուլյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Range Rover-ն ու նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com