Դեկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ի դրությամբ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Կոտայքի, Հրազդանի, Լոռու, Սևանի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ, Թալին-Մաստարա-Լանջիկ, Սիսիանի «Զանգեր» ճանապարհահատվածներում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Նախարարությունը հայտնում է, որ ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնում է, որ Վրաստանից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար, փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Լարսի անցակետի ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: