2018 թվականն ինձ համար շրջադարձային էր. Անահիտ Հարությունյանի նամակը՝ Ձմեռ պապին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

2018 թվականն ինձ համար շրջադարձային էր. Անահիտ Հարությունյանի նամակը՝ Ձմեռ պապին. life.panorama.am

Life.panorama.am-ը շարունակում է «Նամակ Ձմեռ պապին» շարքն, ու այս անգամ առաջարկել է մեր միջոցով իր վիրտուալ նամակը գրել «Փոփ Արտ» հաղորդման հաղորդավարուհի Անահիտ Հարությունյանը: Life.panorama.am-ը մաղթում է, որպեսզի Անահիտ Հարությունյանի ցանկությունների կատարման հարցում Ձմեռ պապը շռայլ գտնվի:

«Ողջուն, սիրելի Ձմեռ պապ: Գիտես, մինչ ցանություններիս մասին խոսելը, ուզում եմ քեզ պատմել անցնող տարվա մասին, ի դեպ՝ շնորհակալ եմ նախորդ Ամանորին մտապահածս ցանկությունները կատարելու համար:

2018 թվականն ինձ համար շրջադարձային տարի էր, քանի որ հենց տարեսկզբին մեկը մյուսի հետեւից իմ ընտանիքում տեղի ունեցան գլոբալ փոփոխություններ: Այս տարում եղավ այն, ինչի մասին նույնիսկ չէինք բարձրաձայնում:

Չնայած գլոբալ առումով 2018-ը հաջող տարի էր, սակայն տարվա ընթացքում եղան նաեւ դժվարություններ: Երբ հետ եմ նայում, բնական է՝ տեսնում եմ նաեւ օրեր, որոնք այնքան էլ կատարյալ չեն եղել, բայց միեւնույն ժամանակ ինձ համար հենց այդ օրերն են, որ մեծանալու ու կյանքը նորովի ընկալելու հնարավորություն են տվել: Չէ՞ որ կյանքը լի է փորձություններով, իսկ մենք սիրում ենք այն՝ անկախ ամեն ինչից։ Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի դրանք հաղթահարելով ամրանանք, այլ ոչ թե հիասթափվենք:

Պետք է անկեղծ լինեմ ու խոստովանեմ, որ այս տարին ինձ ավելի հասուն, ամուր ու գնահատող դարձրեց: Ինձ սովորեցրեց գնահատել եւ ամուր պահել այն, ինչ իմն է, սովորեցրեց ուրախանալ այն ամենով, ինչ ունեմ եւ սովորեցրեց երջանկանալ այն ամենից, ինչ ստանում եմ:

Ձմեռ պապ, քո օգնությամբ գործնական ոլորտում հաջողություններ ու  նոր առաջարկներ ունեցա, եւ ես իմ մեջ հաղթահարեցի  «ՉԵՄ ԿԱՐՈՂ»  արտահայտությունը ու իսպառ այն վերացրի իմ մտածելակերպից եւ բառապաշարից, որովհետեւ հասկացա, որ այդ բառը բնորոշ է թույլ մարդկանց, իսկ պայքարող տեսակները երբեք չպետք է արտասանեն դա, եւ նույնիսկ չպետք է մտածեն կարող են, թե՝ ոչ:

Դու գիտես, ես՝ քո թոռնիկը, տեսակով լավատես եմ ու կարծում եմ, որ յուրաքանչյուր տարին մարդուն տալիս է այն, ինչն իրեն իրոք անհրաժեշտ է կյանքի այդ փուլում: Ձմեռ պապ, ամեն տարի Ամանորին երազանք պահելիս  միշտ մտքումս խնդրում եմ, որ եկող տարում լինի այն, ինչն իսկապես ինձ պետք է, այն, ինչ բարին է: Պետք է փաստեմ, որ այս տարին ճանապարհում եմ այլ զգացողությամբ, այլ հրաշքի սպասումով ու ակնկալիքով. ինչ-որ անբացատրելի խորհրդավորություն կա ներսումս: Միեւնույն ժամանակ՝ հասկանում եմ, որ հրաշքներ միշտ լինում են , բայց պատվերով հրաշքներ չկան:

life.panorama.am



Նման նյութեր