Ասում է դերասանուհի Լալա Մնացականյանը
Մեծ շերեփով, բուրդ չբխող, շուկայի բեռն ուսերին դրած, անխնամ ու հլու-հնազանդ կնոջ կերպարը երկար տարիներ շարունակ հետապնդել է հայ կնոջը։ Ցավալին այն է, որ «այսպիսի կինը» միայն մեր ընտանիքում չէ. մեր կենցաղը մտել է նաև մեր արվեստի մեջ։ Մեր ֆիլմերում կանայք հիմնականում հանդես են գալիս երկրորդական պլանում. կնոջը պետք է «ուս», որպեսզի նա հենվի: Ավելին` քիչ չեն դեպքերը, երբ դրսից եկած ռեժիսորները հայ կնոջ կերպար փնտրելիս՝ չգիտես ինչու, չեն ընտրում գեղեցիկ դերասանուհիներին։
«Արվեստը մարդու հոգու ազատություն է, ազատ մտածողություն է, թռիչք։ Քանի որ հայ կնոջ դաստիարակությունն արդեն սահմանափակ է և «չի կարելիներն»՝ ահավոր շատ, դրա համար հայ կինն արվեստում չի կարողանում անել այն, ինչ պետք է անի։ Անազատ մարդն ազատության մեջ իրեն չի կարող դրսևորել։ Ի վերջո, ինչ էլ ստեղծում ես, ստեղծում ես այդ սահմանների ներսում, իսկ արվեստը սահմանների մեջ դառնում է արհեստ։ Դրա համար էլ մեր ֆիլմերում, մեր դրամատուրգիայում կնոջ կերպար, որպես այդպիսին, չկա, կինը կողքից լրացնող մեկն է»,- ասում է դերասանուհի Լալա Մնացականյանը, ով համոզված է, որ 21-րդ դարի հայ կինն էվոլյուցիա է ապրում, և եկել է հլու-հնազանդ կնոջ ստերեոտիպը կոտրելու ժամանակը։ «Իհարկե, կին և տղամարդ հավասարություն գոյություն չունի, գոյություն ունի լրացում։ Այն, ինչ կինը չունի, ունի տղամարդը և՝ հակառակը։ Լրացնելով իրար՝ դառնում են մի ամբողջություն, և չի կարող մի կեսդ լինել տեր, մյուսը՝ ստրուկ»,- ասում է Լալան, ով կարող է հպարտանալ նրանով, որ հայկական մշակութային կյանքում՝ կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում քիչ թե շատ բան կարողացել է անել։ Լալան ուժեղ կին է, բայց, հաստատ, ոչ ֆեմինիստուհի։ Նա համոզված է, որ հայ կնոջ խեղճ վիճակը սխալ դաստիարակության հետևանք է, և շատ շնորհակալ է իր ծնողներին, հատկապես՝ հորը, որ իրեն դաստիարակել է ոչ թե որպես կին, այլ որպես քաղաքացի։ «Ինձ չեն ասել՝ դու աղջիկ ես, քեզ չի կարելի այսինչը։ Մեզ մոտ, ցավոք սրտի, ոչ թե մարդ են դաստիարակում, այլ սեռ։ Հարցը խելացիությունը չէ, երբ կինը կարողանում է ընտանիքում և կյանքում մի բանի հասնել։ Ես ինձ հիմար կին չեմ համարում։ Կարող եմ ասել, որ երբեք ընտանիքում չեմ փորձել իշխել, սակայն չեմ էլ թույլ տա, որ ինձ իշխեն։ Դա, պարզապես, իմ մարդկային տեսակն է»,- ասում է Լալան։
Ունենալով հենց այս տեսակը՝ Լալան փորձեց հայկական մտածելակերպում կոտրել կնոջ ստերեոտիպը՝ ստեղծելով «ՇարունակԷլի» ֆիլմաշարը, որը ներկայացնում է «կնոջ նոր տեսակ», ով կարողանում է մարդկային իրական իրավիճակներից դուրս գալ։ «Հետաքրքիրն այն է, որ այդ կինը՝ Լալան, ես չէի։ Նա ինձ ոչ մի բանով նման չէր՝ ոչ բնավորությամբ, ոչ մտածելակերպով։ Այս կինն ինտելիգենցիայի ներկայացուցիչն էր, ով սկզբից անընդհատ ընկնում էր տհաճ պատմությունների մեջ ու դուրս չէր գալիս։ Սակայն հետո ես հասկացա, որ եթե ես իրեն այդ վիճակից չհանեմ, մարդու մոտից պայքարելու հույսն իսպառ վերացնում եմ։ Ես ինքս նայում եմ ֆիլմ՝ «Happy end»-ի ակնկալիքով։ Սակայն, որպեսզի նայելուց հետո չասեին՝ է, կյանքն ուրիշ է, սենց բան չի լինում կյանքում, կինը պետք է ռեալ որոշում գտներ։ «ՇարունակԷլիի» 80 սերիայի մեջ մի հիմնական միտք էր միշտ պտտվում. եթե ընկել ես մի անլուծելի վիճակի մեջ, միշտ դուրս գալու ճանապարհ կա։ Հարցը «Happy End»-ը չէր, հարցը լուծումն է, որը պետք չի զլանալ և գտնել»,- ասում է ֆիլմի հեղինակ Լալան։
«ՇարունակԷլի» ֆիլմաշարը շարունակելի չեղավ ֆինանսական միջոցների պատճառով։ «Հ2-ը երկու տարի շարունակ հովանավորել է այս ֆիլմաշարը։ Սա աննախադեպ բան է, երբ հեռուստաընկերությունն ինքն է ֆինանսավորում ծրագիրը։ Եթե լինի հովանավոր, «ՇարունակԷլին», իհարկե, շարունակելի կլինի»,- ասում է Լալան՝ մի փոքր պատմելով, թե ինչպես է զարգանալու սցենարը հետագայում։ Ֆիլմի հերոսուհին, որ պատմության սկզբին սիրային կապի մեջ էր մի տղամարդու հետ, պետք է արդեն այլ կերպ դրսևորի իրեն սիրո մեջ։ Ինչպես ասում է սցենարի հեղինակը, մեր մենթալիտետում հայ կինը երկար է գնում դեպի տղամարդը, հատկապես, երբ նա 40 տարեկան է։
Նախքան «ՇարունակԷլին»՝ Լալային շատերը սկսեցին ճանաչել «Մեր Բակը» տեսաֆիլմից և «Ինչ կա-չկա» հեռուստատեսային ծրագրից։ Մտավախություն կար, որ «Մեր Բակի» Լալայի և «Ինչ կա-չկայի» ագրեսիվ կնոջ կերպարները պիտակ կդառնան Լալա Մնացականյան թատրոնի դերասանուհու համար։ Սակայն պրոֆեսիոնալիզմը հենց այստեղ է երևում, երբ դերասանը կարողանում է իրեն դրսևորել տարբեր ժանրերում։ «Նույն Լալան բեմում դրամատիկ դեր է խաղում։ Սրանք դերեր են։ Դերասանն էլ դրանով է հետաքրքրում հանդիսատեսին։ Օրինակ՝ ես հիմա խաղում եմ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» ներկայացման մեջ։ Սա շատ դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որը տարիներ անց՝ հենց իրենց արծաթե հարսանիքի օրը, որոշում է ամուսնուն ասել ողջ ճշմարտությունը։ Զարմանալին այն է, որ այս ներկայացմանը մեծամասամբ գալիս են երիտասարդները»։
Փաստորեն, սա այն դեպքն է, երբ թատրոնը և հանդիսատեսը գալիս են իրար ընդառաջ։ Այսինքն` թեման հետաքրքրում է մարդկանց։ Շատ թատրոններ այսօր հենց այս պրոբլեմն ունենալով՝ չեն կարողանում հանդիսատես ունենալ։ Թատրոնի դերասաններն էլ, փող աշխատելու նպատակով, ստիպված են նկարահանվել տարբեր հեռուստատեսային, շատ հաճախ՝ ցածրորակ «հումորային» ծրագրերում։ Այս հաղորդումները, սովորաբար, մեծ պահանջարկ են ունենում, սակայն սա չի նշանակում, որ դրանք որակյալ են։ Ամենավատն այն է, որ այսպես թացը խառնվում է չորի հետ, և թատրոն չհաճախող հասարակության մի մեծ խումբ «դերասան» ասելով՝ սկսում է պատկերացնել անեկդոտ պատմող մարդու։ Լալան ինքն էլ ունի հումորային համարներ, որոնցով հաճախ հանդես է գալիս տարբեր համերգային ծրագրերում։ Նա համաձայն չէ այն մտքի հետ, թե երգիծանքը ցածր արվեստ է։ «Ժողովուրդն անեկդոտ է պահանջում, բայց ո՞վ է ասել, որ դա պետք է որակով չանես։ Ինձ համար աշխարհի ամենամեծ դերասանները կոմիկներն են, իմ կուռքն, օրինակ, Ենգիբարովն է։ Ասածս այն է, որ դու ամենահանճարեղ գործը կարող ես վերցնել ու փչացնել, և ամենահիմար թեմայից սարքես որակով բան։ Մատուցման ձևն է կարևոր։ Իհարկե, հումոր անելու իրավունք ունեն բոլորը, սակայն ոչ բոլորն իրավունք ունեն բեմից դա անել։ Իմ տատիկն էլ շատ լավ հումորներ էր անում կարկանդակների սեղանի շուրջ»,- ասում է Լալան։
Լալան, ինչպես ինքն է ասում, իրեն «տեղ-տեղ» երջանիկ և «մեծ ընդմիջումներով հարուստ» մարդ է համարում։ Ի պատասխան մեր հարցի, թե ինչքա՞ն փող կցանկանար աշխատել, նա մեջբերեց Մարկ Տվենի խոսքերը. «Կուզենայի այնքան փող ունենալ, ինչքան կարծում են իմ ծանոթները»։ Լալան ատում է նվվոցը, ասում է՝ «կբողոքեմ, բայց չեմ նվա»։ Այնքան էլ չի սիրում «մուննաթչիներին» ու այն մարդկանց, ովքեր ասում են՝ ես քեզ համար էսքան բան եմ արել։ «Ուրեմն դու չես արել, որովհետև ուզել ես, արել ես, որ հիշեցնես»,- ասում է Լալան։
Հարցին, թե ի՞նչն է նրա մոտ ավելի լավ ստացվում ՝ լավ կի՞ն, լավ մա՞յր, թե՞ լավ դերասանուհի լինելը, Լալան պատասխանեց. «Ցավոք, դա այն հարցն է, որին ես չեմ կարող օբյեկտիվ պատասխան տալ։ Մեկին պետք է պատասխանի ամուսինս, մյուսին՝ դուստրս, իսկ այն մյուսին էլ՝ հանդիսատեսը։ Բայց մինչև նրանց պատասխանները լսելը, հույս ունեմ, որ ինձ այնքան էլ խիստ չեն դատի։ Որովհետև ես ինչ էլ արել եմ, մեծ սիրով ու նվիրումով եմ արել»։
Պատրաստեց Անուշ Մկրտչյանը
«3 Միլիոն»