
Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոններ» բողոքի շարժման մասնակիցները դեկտեմբերի 15-ին նոր զանգվածային ցույցերի են նախապատրաստվում, հաղորդում է RFI ռադիոկայանը: Սա բողոքի արդեն հինգերորդ շաբաթն է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ փոխզիջումների մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց ցուցարարները որոշել են բողոքի նոր ալիք բարձրացնել:
«Սա արդեն այն պահն է, երբ մենք չպետք է հանձնվենք: Պետք է շարունակենք: Մակրոնի հայտարարությունները բավարար չեն»,-ասել է «դեղին անթև բաճկոնների» առաջնորդներից մեկը՝ Էրիկ Դրուեն:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից: