Ինչպե՞ս են ադրբեջանցի գործակալները հայերի հավաքագրում. ԱԱԾ
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս են ադրբեջանցի գործակալները հայերի հավաքագրում. ԱԱԾ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը Ազագային անվտանգության ծառայության ներկայացուցիչ, մայոր Տիգրան Դավիթավյանը հայտնեց, որ 1991 թվականից մինչ օրս հայտնաբերվել է Ադրբեջանի 21 գաղտնի գործակալ։

Այն հարցին, թե արդյո՞ք նրանց թիվը կարող է ավելին լինել, քան հայտնաբերվածներն են, ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը պատասխանեց. «Մենք այն կանխավարկածով ենք աշխատում, որ ավելի շատ են։ Դա մեր աշխատանքն է»։

Հանդիպմանը խոսվեց նաև սոցիալական ցանցերի միջոցով ադրբեջանցիների կողմից մարդկանց հավաքագրելու մասին. «Եթե համացանցով ծանոթանում, ամուսնանում են, կարող են նաև հավաքագրել»,- ասաց Ա. Քինակցյանը։

Տիգրան Դավիթավյանը նշեց, որ հաճախ սոցցանցերում ադրբեջանցի գործակալները կայուն կապ են հաստատում հատկապես զինծառայողների հետ, սկսում զրույց հիմնականում այսպիսի հարցերի շուրջ՝

«-Բարև ախպերս, դու x զորամասում ես ծառայում, ես երկու տարի առաջ եմ ծառայել, մեր ժամանակ հրամանատարը y-ն էր, բա հիմա ո՞վ է։ Մենք այդ դիրքերում չէինք կանգնում, դուք հիմա կանգնու՞մ եք…»:

Այսպիսով տեղեկություններ ստանալով փորձում են շանտաժ անել ու ասել, թե եթե չհամաձայնի իրենց հետ աշխատել, ապա իր ղեկավարությանը կհայտնեն, որ նա նման տեղեկություններ է հայտնել իրենց ու ինքը կպատժվի։ Իսկ եթե համաձայնի, ապա կվճարեն ստացած տեղեկությունների դիմաց։ Ահա այսպիսով հավաքագրում են անձանց։

Նշենք նաև, որ ադրբեջանի հատուկ ծառայողները կապի մեջ են մտնում հայի կենսորոշիչ տվյալներով (օրինակ՝ Վարդան Պետրոսյան), գրում են լատինատառ հայերենով (Vardan Petrosyan)։

Իրավաբան.net