Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքէջի նոր տարբերակը, որը գործարկվել է դեկտեմբերի 15-ին, թույլատրելիության սահմաններում պարունակում է ավելի շատ տեղեկություն, առավելագույնս պարզեցված է և համապատասխանեցված կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներին: Այս մասին լրագրողներին հայտնեց Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետ, գնդապետ Արմեն Քինակցյանը:
«Փորձել ենք մի փոքր ավելի շատ տեղեկություն տալ ԱԱԾ գործունեության վերաբերյալ, որովհետև ծառայության հիմնական ուղղությունների մասին, ինչպիսիք են հետախուզությունը և հակահետախուզությունը, տեղեկությունը սակավ է եղել: Տեսնում ենք, որ կայքի վերևի հատվածում այդ խորագրերը կան և սեղմելիս կբացվեն համապատասխան էջեր տեքստային նյութով, մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալ գործունեության հիմնական ուղղություններին և բնութագրերին»,- ասաց Քինակցյանը:
Նա նշեց, որ կայքէջում ներկայացված է նաև սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությունը և հեղափոխությունից հետո ԱԱԾ-ի առանցքային ուղղություններից մեկը՝ տնտեսական անվտանգության ապահովումը:
Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետի խոսքով՝ ակտիվացված է նաև առցանց հարցման խորագիրը, ինչպես նաև նորամուծություններից մեկը թեժ գծի համարն է՝ 1-91 կամ 010 56-35-15: