ՀՀ նկարիչների միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու. միության անդամներ Խաչիկ Աբրահամյանը, Կարեն Աղամյանը և Սուրեն Սաֆարյանը: Նախապես առաջադրված 4-րդ թեկնածուն՝ Հաղթանակ Շահումյանը ինքնաբացարկ ներկայացրեց: Թեկնածուները ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերը՝ կարևորելով միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը, երիտասարդ նկարիչներին աջակցություն տալը և շատ այլ հարցեր:
Թեկնածուներն առաջադրվեցին դեկտեմբերի 15-ին՝ միության 19-րդ համագումարում, որի օրակարգում նախագահի ընտրության հարցն է:
Միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանը նկատեց, որ միությունում փոփոխությունների կարիք կա:
«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հետին պլան մղեց բազմաթիվ բացասական երևույթներ: Եվ այստեղ ավելի քան երբևէ հարկավոր են նոր ծրագրեր: Ոչ պակաս կարևոր է այն փորձը, որ թեկնածուն ունեցել է մինչ առաջադրումը: Ամեն ինչ կանեմ, որ ԱԺ-ն ընդունի Ստեղծագործական միությունների մասին օրենքը: Օրենքում հստակեցված է ստեղծագործական միությունների և պետական մարմինների կապը, կոչումների շնորհման կարգը»,-ասաց նա ու մեծապես կարևորեց նաև երիտասարդ ստեղծագործողներին աջակցության տրամադրումը, արվեստանոցների տրամադրումը:
Խաչիկ Աբրահամյանը ներկայացրեց իր կատարած աշխատանքները: «Ամենակարևորն այն է, որ ովքեր ինձ ճանաչում են՝ գիտեն, որ ես այս գործի պրոֆեսիոնալ եմ: Ես արդեն 30 տարի է, ինչ աշխատում եմ այդ ոլորտում: Այս 30 տարվա մեջ կազմակերպել եմ և կազմակերպելու եմ ցուցահանդես-վաճառքներ աշխարհի տարբեր երկրներում»,-ասաց թեկնածուն:
Թեկնածու Սուրեն Սաֆարյանը նշեց, որ հասունացել են լուծման բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ: Առաջիկա անելիքների թվում շեշտադրեց ապագա նախագահի գործունեության թափանցիկությունը։ «Մեր ենթակառույցների, ներառյալ ստեղծագործական տների նպատակային օգտագործում պետք է լինի: Միությանը պատկանող Ծաղկաձորի ստեղծագործական տան փոխանակման և արդի ժամանակին համապատասխան նոր տարածքում համալիրի վերակառուցման աշխատանքներն արդեն գտնվում են գործնական փուլում»,-նշեց նա:
Հաղթանակ Շահումյանն իր ելույթում նշեց, որ միությունը վերածննդի կարիք ունի: «Մենք պետք է ծանոթանանք միության բոլոր փաստաթղթերին: Եղել են շատ գործեր, որոնք վնաս են բերել միությանը: Միությունն առաջին հերթին կարիք ունի իր ունեցած տարածքների ամրագրմանը»,-ասաց նա ու հավելեց, որ ինքնաբացարկ է ներկայացնում:
Այս տարվա հունիս ամսից սկսած միության մի խումբ երիտասարդ նկարիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը:
Նրանք նշում էին, որ ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, պետք է 2017 թվականին անցկացներ համագումար կրկին նախագահ ընտրելու համար, սակայն համագումարը տեղի չի ունեցել: Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանն էլ իր տեսանկյունն էր ներկայացնում այդ հարցի շուրջ` շեշտելով, որ ամեն անգամ ընտրություններին ավելի շատ ձայներ է ստացել: Դա խոսում է այն մասին, որ միության անդամների ութսուն տոկոսն իրեն ձայն է տվել: Երբ իրեն հարցրել են, թե ինչու 2017 թվականին համագումար չի եղել, նա պատասխանել է, որ այն պետք է լինի 2018 թվականին: Ինքը կամ վարչությունն իրավասու չեն եղել որևէ փոփոխություն իրականացնել կանոնադրության մեջ: Իր ողջ պաշտոնավարման ընթացքում չորս անգամ կանոնադրություն է փոխվել: