Ես փորձում եմ ու ուզում եմ լինել լավ կին, եւ դա ինձ համար նպատակ է. Շուշաննա Թովմասյան. life.panorama.am
«Ձյունանուշ» ֆիլմի, հեռուստատեսային դադարի, ինչպես նաեւ ընտանեկան կյանքի մասին Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հետ:
«Ձյունանուշ» մանկական արկածային կատակերգության մասին Life.panorama.am-ը դեռ շաբաթներ առաջ է պատմել, եւ ահա ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Այս ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Ձյունանուշը, Շուշաննան է: Իր խոսքով՝ հաճույքով է ընդունել ռեժիսորի հրավերն այս ֆիլմում նկարահանվելու համար:
«Առաջարկը սիրով եմ ընդունել, երբ ծանոթացա սցենարին ու տեղեկացա, որ այն 6+ հանդիսատեսի համար է: Շատ եմ ողջունում մանկական ֆիլմերը, բայց ցավոք, մեր կինոինդուստրիայում քիչ են նման ֆիլմերը: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ հենց Ձյունանուշի կերպարը, ով օգնում է երեխաներին՝ հասնել իրենց երազանքին, նա փորձում է անել ամեն բան, որպեսզի ոչ մի երեխա Ամանորի գիշերը տխուր չլինի եւ ստանա իր նվերը»,- նշեց Շուշաննան ու շարունակեց.
«Ինձ համար հետաքրքիրը նաեւ այն էր, որ Ձյունանուշը ստանդարտներից դուրս էր ներկայացված: Մենք Ձյունանուշին ընկալում ենք որպես Ձմեռ Պապի օգնական, բայց այս պարագայում Ձյունանուշը երեխաներին հավասար ընկնում է փորձությունների մեջ ու փորձում հաղթահարել դրանք: Կարծում եմ՝ սցենարում կար նորություն ու թարմություն: Իսկ լավ թիմն իր համախմբվածության շնորհիվ կարողացավ ստանալ հաջող արտադրանք հատուկ երեխաների համար»:
Ըստ Շուշաննայի՝ ֆիլմի գլխավոր մեխը հետեւյալն է.
«Ինձ համար ֆիլմի հաղորդագրությունը կայանում է ընկերության մեջ: Ըստ սյուժեի՝ երեխաները փորձում են օգնել իրենց համադասարնցուն, որպեսզի նա Նոր տարվա գիշերն ուրախ լինի: Այս պարագայում հուշում ենք, որ շատ կարեւոր է քեզնից բացի մտածել քո ընկերների մասին, լինել սրտացավ ու հոգատար: Ֆիլմն ունի նաեւ հետաքրքիր մեկ այլ մեխ՝ երեխաները առնչվում են հրաշքներին, հանդիպում ոչ ստանդարտ կերպարների, հավատում են Ձմեռ Պապիկի գոյությանը, իսկ նրանց ծնողները՝ ոչ: Արդյունքում՝ երեխաները ծնողներին ուղորդում են, որ Աստծո կամոք հրաշքներ միշտ լինում են՝ անկախ տարիքից»- պատմեց մեր զրուցակիցը:
Վերջին հեռուստասերիալը «Երեւի»-ն էր, որտեղ Շուշաննան նկարահանվում էր: Այժմ սերիալային իմաստով դերասանուհին դադարի մեջ է՝ իր խոսքով սպասելով նոր ու հետաքրքիր առաջարկների:
«Հիմա աշխատանքում պասիվ եմ, բայց փոխարենը ժամանակս օգտագործում եմ ընտանիքիս վրա»,- նշեց նա, իսկ հարցին, թե պասիվությունը ի՞ր կամքն է, որպեսզի նորաստեղծ ընտանիքը ճիշտ հիմքերի վրա կառուցի, պատասխանեց.
«Իհարկե, ընտանիքը ժամանակ պահանջում է. Կամ պետք է կարողանաս համատեղել ընտանիքն ու աշխատանքը, կամ ավելի շատ կենտրոնանաս առաջինի վրա: Ինքս, կարծում եմ, այն տեսակին եմ պատկանում, որ կարող եմ համատեղել, եւ շատ զբաղվածության դեպքում ավելի շատ բաներ կարող եմ հասցնել»:
Թե ինչպիսի կին է Շուշաննան, դժվարացավ բնորոշում տալ, բայց ընդգծեց.
«Ես չգիտեմ, թե ինչպիսի կին եմ, բայց ես փորձում եմ ու ուզում եմ լինել լավ կին, եւ դա ինձ համար նպատակ է: Ես շատ լավ գիտեի, թե ուր եմ գնում եւ ինչ է ինձ սպասվում: Հստակ հասկանում էի, որ կյանքն այնպիսին չի լինելու, ինչպիսին հայրական տանը: Ես ամուսնացա՝ ունենալով մեծ պատասխանատվություն իմ ընտանիքի կառուցման հարցում: Ես գիտեի, որ այսուհետ ես եմ տան կինը լինելու, ես եմ շատ հարցերում պատասխանատվությունը կրելու, եւ ես դրան գնացի սիրով: Իհարկե, կենցաղային հարցերը կարող են հոգնեցնել, բայց երբ կողքից ուժ ես ունենում, ավելի ուժեղ ես շարժվում առաջ: Հիմա ես վայելում եմ նոր կարգավիճակս»:
Իսկ զրույցի վերջում հարցին, թե ինչ սպասելիքներ ունի 2019-ից, դերասանուհին նշեց.
«Առաջին հերթին ուզում եմ մեր երկրում խաղաղություն տիրի, եւ առհասարակ պատերազմներ չլինեն աշխարհի ոչ մի անկյունում: Թող բոլորն առողջ լինեն, լավատես, ու թող, որ կատարվեն բոլորի երազանքները: Ինքս ինձ էլ եմ մաղթում երազանքի իրականացում, բայց այն չեմ բացահայտի, թեեւ դրա հիմքում դարձյալ մեր առողջության ու երջանկության ցանկությունն է: Ուզում եմ գալիք տարին բոլորիս համար հաջող լինի, որպեսզի 2019-ը ամփոփելիս՝ աչք փակենք անխուսափելի փոքրիկ բարդությունների վրա, եւ ընդհանուր իմաստով ասենք, որ տարին հաջող էր»: