ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն տեղեկությունները, թե ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախահայերին պարտադրում են մեկնել պարտադիր զինվորական ծառայության, այլապես կենթարկվեն ազատազրկման:
Այս մասին Tert.am-ի հարցին, թե ջավախահայերը հայտնում են, որ ՀՀ սահմանից իրենք բերման են ենթարկվում, և ներկայացվում են պահանջներ ծառայության մեկնելու մասին, կամ տեղեկացվում են իրենց սպառնացող ազատազրկման մասին, պատասխանեց Արթուր Վանեցյանը: «Ես պաշտոնապես հերքում եմ այդ տեղեկությունը, նման բան չկա: Մենք դատապարտող կամ բանակ տանող չենք, չկա նման բան, դա արհեստական աղմուկ է»,- ասաց Վանեցյանը:
Դիտարկմանը, թե ջավախահայերը փակել են ճանապարհը, ասում են՝ ձերբակալված անձինք կան, իսկ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Ջավախքի 5000-ից ավելի երիտասարդներ, որոնք աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, Նոր տարվա նախաշեմին չեն կարողանում վերադառնալ հայրենիք, որովհետև ՀՀ-ի սահման մտնելով՝ նրանց ձերբակալում են և պահանջում, որ գնան բանակ ծառայության, հակառակ դեպքում նրանց սպասվում է 5 տարի ժամկետով ազատազրկում, Արթուր Վանեցյանն ասաց, որ այդ լուրերը վաղուց են դրվել շրջանառության մեջ:
«Տևական ժամանակ է՝ այդ լուրերը դրվել են շրջանառության մեջ, պարզապես երկու օր առաջ ճանապարհը փակեցին, Բավրայի անցակետը, և աղմուկ բարձրացավ. այդ հարցը մեզ հայտնի է, մենք տեղյակ ենք, նաև գիտեք: Ընդամենը ասեմ, որ ՀՀ-ն երկքաղաքացիության արգելք չի դնում, եթե խնդիր կա, ապա Վրաստանի իշխանությունների հետ է»,- ասաց Վանեցյանը:
Ամբողջությամբ՝ tert.am