«Ներկայացման մեջ շատ են լինելու երգեր». Նազիկ Բաղդասարյանը՝ «Գեղեցկուհին ու հրեշը» տոնական մյուզիքլի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Ներկայացման մեջ շատ են լինելու երգեր». Նազիկ Բաղդասարյանը՝ «Գեղեցկուհին ու հրեշը» տոնական մյուզիքլի մասին. life.panorama.am

Դեկտեմբերի 18-ից Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում կմեկնարկի «Գեղեցկուհին ու հրեշը» տոնական մյուզիքլ ներկայացումը: Life.panorama.am-ը ներկայացման մանրամասների մասին զրուցել է գլխավոր դերասանուհի Նազիկ Բաղդասարյանի հետ, ով զրույցի սկզբում նախ պատմեց, թե ինչպես է ստեղծվել տվյալ ներկայացման գաղափարը:

«Ներկայացման գաղափարը կար դեռ սեպտեմբեր ամսից, սակայն նախապատրաստական աշխատանքները սկսեցինք հոկտեմբեր ամսվա կեսից, քանի որ թատրոնը զբաղված էր Երևանի 2800 ամյակին նվիրված՝ «Իուարշայի սուրը» ներկայացմամբ, որի ռեժիսորը թատրոնի գեղ. Ղեկավար Դավիթ Հարությունյանն է»,- մանրամասնեց դերասանուհին, ապա հավելեց.

«Իհարկե, այսօր տեխնիկան այնքան գերհագեցած է, որ երեխաներն արդեն շատ բան դիտած և սովորած կգան ներկայացում դիտելու, բայց այս ներկայացման կարևոր կետն այն է, որ այդ մեկ ժամվա ընթացքում երեխաներն իրենց հեքիաթում զգան: Մեր ներկայացումը հագեցած է գույներով, գեղեցիկ դեկորներով, լույսերով, հրաշալի զգեստներով և, իհարկե, լավ դերասանական խաղով»,- նշեց Նազիկ Բաղդասարյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ «Գեղեցկուհին ու հրեշը» ներկայացման մեջ ընդգրկված են տարիքով ավելի երիտասարդ դերասաններ.

«Ներկայացման մեջ ընդգրկված են մեր թատրոնի դերասանները՝ հիմնականում երիտասարդները, օրինակ՝ հրեշին մարմնավորում է Անդրանիկ Հակոբյանը: Մենք բոլորս միմյանց շատ լավ գիտենք, բազմաթիվ ներկայացումներ ենք խաղացել միասին, ինչի արդյունքում մեզ մոտ փորձերն անցնում են առանց ինչ-որ բարդությունների: Իրականում, փորձերի հաճախում ենք շատ ուրախ տրամադրությամբ և ոգևորված: Ի դեպ՝ հենց ամենասկզբից էլ մենք բոլորս շատ մեծ ոգևորությամբ և պարտավորությամբ ենք մոտեցել մեր գործին, ինչն էլ, կարծում եմ, հանգեցնում է հրաշալի աշխատանքի արդյունքի»,- նկատեց Նազիկը:

Դերասանուհու խոսքով՝ ներկայացումը մյուզիքլի ժանրում է.

«Շատ ոգևորող էր այն փաստը, որ ներկայացման մեջ շատ են լինելու երգեր, քանի որ այն ավելի շատ նման է մյուզիքլի: Իհարկե, սա երգելու իմ առաջին փորձը չէ, մինչ այս եղել են ներկայացումներ, որոնցում ես երգել եմ, նույնիսկ եղել են դեպքեր, երբ կենդանի եմ երգել: Այս ներկայացման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բոլոր դերասաններն իրենք են իրենց երգերը երգում»,- մանրամասնեց Նազիկ Բաղդասարյանը:

Ինչպես նշեց դերասանուհին՝ այս ներկայացումը ամանորյա անակնկալ է բոլոր երեխաների համար.

«Քանի որ շուտով Նոր Տարի է, «Գեղեցկուհին ու հրեշը» այս օրերին կներկայացվի որպես ամանորյա ներկայացում, որի վերջում, իհարկե, հյուր կգա Ձմեռ Պապը: Պետք է նշեմ, սակայն, որ ներկայացման ամբողջ ընթացքում Ամանորի հետ կապված ոչ մի բան չի լինի: Դա արված է նրա համար, որ բուն հեքիաթը չկորչի. պարզապես այն փոքր ինչ կրճատել ենք: Դե իսկ արդեն Ամանորից հետո ներկայացումն իր ավելացումներով հանդերձ անպայման կմտնի մեր թատրոնի խաղացանկի մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը:

life.panorama.am



Նման նյութեր