Գողություն՝ «Էյֆֆել» ժամացույցների խանութ-սրահից. հափշտակել են մի քանի միլիոնի տարբեր տեսակի ժամացույցներ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Գողություն՝ «Էյֆֆել» ժամացույցների խանութ-սրահից. հափշտակել են մի քանի միլիոնի տարբեր տեսակի ժամացույցներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։

Ժամը 06։00-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արտյոմ Մկրտչյանը, ով հայտնել է, որ նույն օրը, 05։40-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Մոսկովյան փողոցի 31 հասցեում գործող «Էյֆֆել» ժամացույցների խանութ-սրահի մուտքի դռան փականը և այնտեղից հափշտակել մեծ քանակի տարբեր տեսակի ժամացույցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն ու փորձաքրեագետը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մկրտչյանն աշխատում է նշված խանութի տնօրեն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողացված ժամացույցների արժեքը կազմում է մի քանի միլիոն դրամ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com