«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռևս 2015 թվականին և պետք է ավարտվեին 2-2.5 տարում՝ ավարտվել են, բայց շենքը փաստացի կիսատ է: «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի վիճահարույց երրորդ հարկն այդպես էլ չկառուցվեց: Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հեղինակած նախագծով կենտրոնը պետք է եռահարկ լիներ, բազմաթիվ բանակցություններից հետո այն այդպես էլ չշարունակվեց:
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հարցը ներկայացրել են ՀՀ կառավարություն և ՀՀ քաղաքաշինության կոմիտե` առաջարկելով, հնարավորության դեպքում, կենտրոնի վերանորոգման հարցը ներառել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծում:
Նշում են, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում 2019 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ևս բարձրաձայնվել է կենտրոնի վերնահարկի կառուցման անհրաժեշտությունը: Սակայն, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձագիտական եզրակացության բացակայության պատճառով այն չի ներառվել 2019 թվականի պետական բյուջեում:
«Հրանտ Մաթևոսյան հիմնադրամ»-ի ներկայացուցիչ և Մաթևոսյանի ժառանգ, մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը շինարարության սկզբնական փուլում բավականին ակտիվ ներգրավվածություն ուներ: Մաթևոսյանի ժառանգը ոգևորված սպասում էր շենքի կառուցման վերջնական ավարտին, սակայն վերջին շրջանում բավականին պասիվ է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթ Մաթևոսյանը հայտնեց, որ մինչև այս պահը, իր պասիվությունը պայմանավորված էր մշակույթի նախարարի խորհրդական լինելով: «Հեղափոխության հաղթանակից հետո համոզում ունեի, որ չի կարելի հնարավոր բոլոր կապերն ու ազդեցություններն օգտագործել, և պետք էլ չէ օգտագործել, որովհետև պետության և մեր երկրի կայացման համար կան շատ ավելի ծանր հրամայականներ»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ armtimes.com