Մեզ հասած տեղեկություններով ՝ Վարդենիսի քաղաքապետի աթոռը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «բրոնյա» է արել իր հետ բարեկամական կապեր ունեցող վարդենիսցի Արսեն Ամիրխանյանին համար, որն ավելի շատ հայտնի է «Ճանճոյի Արսեն» մականունով։
Ավելին՝ Ամիրխանյանը օրերս քեֆ է արել՝ տոնելով իր ապագա հաղթանակը և այդ ժամանակ էլ սեղանակիցներին ասել է, թե Նիկոլ Փաշինյանի «դաբրոն» ունի։
Ի դեպ, քաղաքապետացուն երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել, նա Վարդենիսում հայտնի առևտրական է։
Մեր բազմաթիվ հեռախոսազանգերին մարզպետն այդպես էլ չպատասխանեց։
Վարդենիսի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Զարոյանն էլ նշեց՝ խոսակցություններ կան Ամիրխանյանի թեկնածության վերաբերյալ, սակայն պաշտոնապես դեռևս ոչինչ հայտնի չէ։
Նա նաև նշեց, որ այս պահին իրենք անգամ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար չունեն, քաղաքը մնացել է առանց քաղաքապետի և այդպես այնքան ժամանակ, մինչև համապատասխան հրամանը կլինի։
Հիշեցնենք, որ Վարդենիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Հարությունյանը դեկտեմբերի 3-ին հրաժարական էր տվել։
Մենք օրերս գրել էինք, որ այժմ քաղաքապետի 3 թեկնածուի անուն է շրջանառվում՝ ավելի վաղ քաղաքապետ եղած Վոլոդյա Խլոյանի, նախկին ՕԵԿ-ական Գարսիկ Սաղաթելյանի և քրեական տարրերի հետ առնչություն ունեցող «Չոշեի Մոսո» մականունով հայտնի Մովսես Հակոբյանի։