Էժան ձուկը համեղ չէ, բայց վաճառվում է. ինչպես են վերահսկում ձկնագողությունն ու վաճառքը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Էժան ձուկը համեղ չէ, բայց վաճառվում է. ինչպես են վերահսկում ձկնագողությունն ու վաճառքը. armeniasputnik.am

Բնապահպանության ոլորտի մի շարք պատասխանատու պաշտոնյաներ զբաղված են դեմագոգիայով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը` անդրադառնալով փողոցում ձկան վաճառքը չարգելելու խնդրին։

«Ցուցադրական բաներ են անում, թե իբր իրենք աշխատում են, բայց իրականում բան չեն անում» ,–ասաց նա` հիշեցնելով, որ դեռ ամռանը` բնապահպանության նախարարի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ, հայտարարվել էր ձկան անօրինական որսն ու վաճառքն արգելելու անհրաժեշտության մասին։

«Բնապահպանության նախկին փոխնախարարը, որը հիմա Գեղարքունիքի մարզպետն է, հունիս–հուլիս ամիսներին իր մոտ խորհրդակցություն հրավիրեց` ՀԿ–ների, գիտական ու բնապահպանական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, և հայտարարությամբ հանդես եկավ, որ եթե մենք հիմա արգելենք փոքր չափերի դեռահաս ձկների վաճառքը փողոցներում, առաջիկա տարիներին մենք կկարողանանք սիգի նույնիսկ արդյունագործական որս իրականացնել Սևանա լճում»,– նշեց Աթոյանը և հավելեց` այդ հայտարարությունից կես տարի անց սիգն անարգել վաճառվում է ամեն քայլափոխի։

Ի դեպ, մայրաքաղաքի փողոցներում վաճառվող մանրաձկան գինը սկսվում է 200 դրամից։ Սա, Արթուր Աթոյանի դիտարկմամբ, նշանակում է, որ «ջրի գնով» վերացվում է Սևանի սիգի գենոֆոնդը։

«Ցածր գինը կախված է փոքր չափերից։ Մեծն ավելի թանկ է։ Փոքր ձուկն անհամ է։ Բայց հիմա Սևանում միայն փոքրն է մնացել։ Մեծ ձուկ չկա, որ որսան։ Եթե թողնեն` այդ փոքրը մեծանա, այն ավելի եկամտաբեր ու տնտեսապես շահավետ կլինի։ Բայց եթե այսպես շարունակվի, մի քանի տարի անց մենք Սևանում ձուկ ընդհանրապես չենք ունենա»,– ասաց նա։

Ի դեպ, դեկտեմբեր–հունվար ամիսներին` սիգի բազմացման շրջանում, ձկան որսն արգելվում է։ Որսագողության ու ապօրինի վաճառքի նկատմամբ հսկողությունը պետք է իրականացնեն ոստիկանությունը, ՏԻՄ մարմինները, «Սևան» ազգային պարկն ու Բնապահպանական տեսչությունը։

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան տեսչության մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը հայտնեց, որ տեսչական մարմինն այս օրերին 3 շրջայց է իրականացրել Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում, որի արդյունքում առգրավվել է 252 հատ ձուկ։

Առաջիկա օրերին տեսուչներն այցելելու են Երևանի նաև այլ վարչական շրջաններ։ Բացի այդ, քննարկվում է ոստիկանության, Բնապահպանության նախարարության, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ պատշաճ հսկողություն իրականացնելու հնարավորությունը, քանի որ միայն տեսչական մարմնի ուժերը բավարար չեն։

«Տեղում առգրավելը, իհարկե, նպաստում է վաճառքի արգելքին, բայց բավարար չէ։ Պետք է հարցին հենց հիմքում լուծում տրվի։ Վաճառքը որսի հետևանք է։ Որպեսզի վաճառքը կասեցվի, պետք է Սևանում որսն արգելելու միջոցառումներ ձեռնարկվեն»,– ասաց Պեպանյանը։

Հիշեցնենք` օրեր առաջ ԳԱԱ Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն ասուլիս էր հրավիրել` պատկան կառույցների ուշադրությունը հրավիրելով երևանյան փողոցներում ու բակերում վաճառվող ձկան վրա։ Գիտնականի խոսքով` նախաձվադրային շրջանում մեկ ձուկ բռնելով` մենք կորցնում ենք մի քանի հազարը։

armeniasputnik.am