SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի տարածքային բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները համատեղ ապօրինի որս կատարելու կասկածանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի վարչական տարածքից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 30-ամյա Վահագն Ասատրյանը և Երևան քաղաքի Արգիշտի փողոցի բնակիչ, 32-ամյա Վարդան Խալպուրճյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս եղել են Hummer մակնիշի 03 NO 030 համարանիշի ավտոմեքենայով։ Տեղում ավտոմեքենան ենթարկվել է զննության և բեռնախցիկում հայտնաբերվել է մորթած կենդանու մարմին, «Սայգա ՄԿ» տիպի մեկփողանի ակոսափող, «ՏԻԿԿԱ Տ3» տիպի մեկփողանի ակոսափող, «Բենելլի» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի որղորկափող և «ՄՌ 155» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացաններ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ սատկած կենդանին Բեզոարյան այծ է, որը Վ. Ասատրյանը որսացել է նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում «Հարսնասար» ռեստորանայաին համալիրի հետնամասում գտնվող «Վեդի Ալկո» ՍՊԸ-ին պատկանող այգիների հարակից հատվածում։ Փաստի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Որսագողության կասկածանքով բերման ենթարկված Վ. Ասատրյանն ու Վ. Խալպուրճյանը բաց են թողնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որսագողության ժամանակ որսագողերի հետ է եղել նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը, ով եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայով։ Նա նույնպես բերման է ենթակվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին։