Անցնող տարին ինձ սովորեցրեց, որ անհնարին ոչինչ չկա. Սոնա Մաթևոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Անցնող տարին ինձ սովորեցրեց, որ անհնարին ոչինչ չկա. Սոնա Մաթևոսյան. life.panorama.am

Life.panorama.am-ը անցնող տարվա ամփոփիչ զրույց է ունեցել դերասանուհի Սոնա Մաթեւոսյանի հետ, ով այժմ հանդես է գալիս որպես « Women’s Club»-ի անդամ: 2018-ը Սոնայի համար հաջող էր, դա են փաստում կոնկրետ օրինակները.

«2018-ն ինձ համար հաջողված տարի էր։ Տարվա ընթացքում ունեցա ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական ձեռքբերումներ։ Ինչ նպատակ ունեի անցյալ տարեսկզբին, բոլորին հասել եմ։ Ինձ համար յուրաքանչյուր ձեռքբերում՝ լինի մեծ, թե փոքր, համարում եմ նշանավորված։ Այդ տեսանկյունից կարող եմ առանձնացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Սասնա Ծռեր» ներկայացումը, որը շատ մեծ մասնագիտական ձեռքբերում եմ համարում, եւ <Women’s Club. նախագիծը»,- պատմեց Սոնան:

Դերասանուհին փաստեց՝ անցնող տարին իրեն կարեւոր դասեր է տվել.

«Անցնող տարին ինձ սովորեցրեց, որ անհնարին ոչինչ չկա, բավական է միայն շատ մեծ ցանկություն եւ աշխատասիրություն։ Ես որեւէ օր չեմ ծուլացել։ Օրեր են եղել նույնիսկ, որ մոռացել եմ հաց ուտելու մասին, որովհետեւ նոն-ստոպ աշխատել եմ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ հնարավորություն անել այն, ինչ սիրում եմ»,- ընդգծեց նա:

Տարվա վատ, անցանկալի կողմերի մասին Սոնան խուսափեց խոսել, որովհետեւ այդ հարցում իր մոտեցումն ունի:

«Չեմ կարող նշել տարվա ընթացքում պատահած վատ կողմերի մասին, որովհետեւ եթե ինչ-որ բան չի ստացվել, նշանակում է՝ բարին դա էր։ Միակ ցանկությունս այն է, որ առողջական թերություններ չլինեն, որպեսզի կարողանամ ամեն ինչ հասցնել»,- նկատեց նա։

Իր կյանք նոր մարդկանց բերելու իմաստով եւս 2018-ը շռայլ է գտնվել Սոնայի հանդեպ:

«Մարդկային ձեռքբերումներ ունեցա աշխատանքի բերումով։ Հիմա աշխատում եմ մի թիմում, որին շատ սիրում եմ, եւ շատ ուրախ եմ, որ «Women’s Club»-ի շնորհիվ ճանաչեցի շատ լավ, բարի, դրական եւ ամենակարեւորը՝ շատ հումորով մարդկանց։ Ինչ վերաբերում է մարդկային բացթողումներին, ապա չեմ էլ ուզում նրանց մասին խոսել։ Եթե նրանք այլեւս չկան իմ կյանքում, ուրեմն խոսելն էլ անիմաստ է»,- հավելեց դերասանուհին։

Դե իսկ 2019-ի սպասելիքների մասին խոսելիս՝ Սոնա Մաթեւոսյանը նշեց.

«2019-ից սպասելիքներս շատ են. Լավ ներակայցումներ, լավ նախագծեր, բայց դրանցից առավել ցանկանում եմ, որ հարազատներս առողջ լինեն։ Գալիք տարին բոլորին թող առողջություն բերի, սպասելիքներս, առհասարակ, շատ են նաեւ երկրի իրավիճակի հետ կապված։ Հուսով եմ՝ մեր կառավարությունը մեզ կսիրի այնպես, ինչպես ժողովուրդն է սիրել ու նվիրվել նրանց։ Ուզում եմ, որ, վերջապես, մշակույթի նախարար նշանակվի արվեստից հասկացող եւ արվեստ սիրող մարդ։ Ցանկանում եմ բոլորիս լավ տարի, այսինքն՝ այսքանից հետո հայ ժողովուրդն իրավունք չունի վատ լինելու»։

life.panorama.am



Նման նյութեր