Խաչատուր Սուքիասյանն ավտոշարասյունով չի շրջում և համակեցության կանոնները չի խախտում: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում, ի պատասխան այն հարցի, թե ինչպես կմեկնաբանի այսօր կառավարությունում հնչեցված հարցադրումը, ասաց ՍԻԼ կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
«Նման բան գոյություն չունի, Խաչատուր Սուքիասյանը ավտոշարասյունով չի շրջում, չի խախտում համակեցության կանոնները, օրենքից վեր ոչինչ չի անում: Խաչատուր Սուքիասյանին օրենքով սահմանված կարգով թույլատրված է ունենալ թիկնապահներ, և նրան ուղեկցող թիկնապահներն աշխատում են պահնորդական ընկերությոնում, նրանց տվյալները կան ոստիկանությունում, թիկնապահները գրանցված են իրավապահների կողմից, և իրավասու մարմինները տիրապետում են այդ ինֆորմացիային»,- ասաց Աննա Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողներից մեկը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին հարց ուղղելիս նշել էր, որ նկատել է, թե ինչպես է Խաչատուր Սուքիասյանը ավտոշարասյունով շրջում, որին ի պատասխան Օսիպյանն ասել էր, որ նկատելու դեպքում զանգահարեն ոստիկանություն:
Նյութի աղբյուրը՝ armday.am