Շահեն Հարությունյանի դեկտեմբերի 20-ի հրապարակումը.
«Գրում եմ՝ գալով և փչացնելով ձեր տոնը:
Մտորում էի, արդյո՞ք արժե գրել, թե ո՞չ: Ճիշտ է, շատերը կլինեն, որ հայտնի մարդու եռաբլուրյան բառերով կասեն՝ եկել մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես, բայց այնուամենայնիվ պետք է գրեմ:
Այսօր տոնվում է Հայաստանի նորանկախ՝ 27-ամյա պետության, ազգային անվտանգության ծառայության 100 ամյակը:
Ի՞նչ է սա նշանակում: Փաստորեն, մեր անվտանգության ծառայության՝ մերը լինելու փաստը, նաև եղել է ԽՍՀՄ բռնապետության ժամանակաշրջանում:
Մեր պետությունը այսօր տոնում է նախկին և ներկա КГБ-ի օրը: Այսօր մեր երկիրը տոնում է մեր անկախությունը զավթած և մեր հողերը յուրացրած ու թշնամուն նվիրած կայսրության անվտանգության կառույցի օրը: Այսօր հայ ժողովուրդը տոնում և մեծարում է Չարենց, Բակունց, Նժդեհ, Զատիկյան, Գորգիսյան, և այլ ու այլ մեծանուն հայորդիներին հալածող և սպանող կառույցի օրը: Այսօր փառավորվում է այն կառույցը, որի մութ և դաժան բանտերում հալածվել են հազարավոր մարդիկ, ովքեր գլուխ են բարձրացրել սեփական հայրենիքի անկախության և սեփական ժողովրդի ազատության համար (խոսքս վերաբերում է ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին):
Տոնելով և փառաբանելով КГБ-ի օրը, այլ ոչ թե ՀՀ ԱԱԾ-ի օրը, դու՛ք, Հայաստանը դարձնում եք թշնամի՝ աշխարհի բոլոր ժողովուրդների և երկրների համար, ովքեր ԽՍՀՄ-ն ընդունել են՝ որպես չարիքի կայսրություն, և ուժ ու եռանդ չեն խնայել պայքարելու այդ միության դեմ, հաղթելու և անկախություն տալու բոլոր գաղութացված հանրապետություններին:
Հ.Գ. Եթե որևէ մեկը կասի, թե ռուսական КГБ-ն այժմ որևէ կապ չունի ՀՀ ԱԱԾ-ի հետ՝ միանգամից պատասխանեմ.
– Ապա ինչու՞ եք տոնում 100-ամյակը և ինչու՞ հենց դեկտեմբերի 20-ին, որը Ռուսաստանում տոնվում է որպես չեկիստի օր (День работника органов безопасности (День чекиста)), եթե մեր պետությունն ընդամենը 27 տարեկան է և մեր բանակը նույնպես 27 տարեկան է…
Ազա՛տ, անկա՛խ Հայաստան»: