Երևանի Հանրապետության հրապարակի հարակից փողոցներում խցանումները պայմանավորված են նախաամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
«Քաղաքացիները բոլորը տնից դուրս են գալիս, առևտուր են անում, մեքենաներն են շատանում, մարզերից են գալիս Երևանի կենտրոնական հատված։ Ամեն ինչը կապված է նախատոնական առևտրի, գնումների հետ»,– ասաց նա` հավելելով, որ այսօր արդեն փողոցներում հերթապահող ոստիկանների թվաքանակն ավելացվել է, իսկ դեկտեմբերի 22-ից ոստիկանությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով։
Այդ ռեժիմը կպահպանվի մինչև հունվարի առաջին շաբաթը, մինչև ոստիկանապետի հատուկ կարգադրություն` աշխատանքային սովորական ռեժիմի անցնելու մասին։