Econet.ru կայքը գրում է, որ նախաձեռնող Ստեֆան Արստոլը, ով «Башня» ընկերության հիմնադիրն է, պատմել է, թե ինչպես է ընկերությունում 5-ժամյա աշխատանքային ռեժիմ սահմանել, և ինչ է ստացվել արդյունքում: Աշխատանքային օրվա կրճատման գաղափարը նրա մոտ առաջացել է սեփական փորձից. նա վաղուց նկատել էր, որ առավել արդյունավետ աշխատում էր օրվա առաջին կեը: Ամեն ինչ երկար մտածելով` 2015թ. հունիսի 1-ին սկսեց 3-ամսյա փորձաշրջանը: Աշխատակիցներին առաջարկվեց աշխատանքը սկսել առավոտյան ժամը 08:00-ից և ավարտել 13:00-ին: Միայն մեկ պայման կար. 5 ժամվա ընթացքում հասցնել այն աշխատանքը, որը նախկինում կատարվում էր 8 ժամվա ընթացքում:
«Արդյունքները շշմեցնող էին: Մենք մտանք ամենաարագ աշխատող 500 ընկերությունների ցանկ: 2015թ. ամենամյա եկամուտն աճել է ավելի քան 40 տոկոսով: Այս տարի 10 աշխատակից ունեցող մեր ընկերությունը պլանավորում է 9 մլն դոլար եկամուտ ստանալ»,- ասում է Արստոլը: Նա նաև հինգ խորհուրդ է տալիս նրանց, ովքեր ևս ցանկանում են կրճատել աշխատաժամանակը:
Կիրառեք 80-20 կանոնը: Պարետոյի հայտնի սկզբունքն ասում է, որ 20 տոկոս ջանքը տալիս է 80 տոկոս արդյունք: Եթե կարողանաք հասկանալ ընկերությունում սովորական աշխատանքային օրվա 20 տոկոսը, ի վիճակի կլինեք կրճատել մնացածը:
Փոխեք արտադրական մտածողությունը: Դադարեք աշխատանքը չափել ժամանակով: Սկսեք չափել դա արտադրանքով:
Հրաժարվեք հաճախորդի համար մշտապես հասանելի լինելու սկզբունքից: Մեր փորձը ցույց է տալիս, որ նշանակություն չունի, թե որ ժամին ենք բաց, երբ մեր հաճախորդները գիտեն մեր աշխատաժամանակը: Մենք մինչ այժմ ստանում ենք դիմումների նույն քանակը, իսկ պոտենցիալ հաճախորդներից շատերն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում են կայքի միջոցով:
Տեխնոլոգիա օգտագործեք` արդյունավետությունը բարձրացնելու համար: Որպեսզի աշխատակիցներին հնարավորություն տանք հաճախորդների հետ 30 տոկոսով քիչ աշխատել, պրոցեսների մի մասն ավտոմատացրել ենք:
Մի սահմանափակեք ձեզ 25–ժամյա շաբաթով: Իմ աշխատակիցները միշտ գիտեն, որ միշտ գրասենյակը կարող են լքել ժամը 13:00-ին. շատերը հենց այդպես էլ վարվում են: Բայց անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք աշխատել նաև 12 ժամ, եթե ծայրահեղ անհրաժեշտություն է առկա: Բայց դա կանոնից շեղում է, և աշխատակիցները հստակ գիտեն դա:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը