Կորցրել եմ շատ հարազատ մարդկանց և ձեռք բերել նոր ընկերներ ու գաղափարակիցներ. Գևորգ Գրիգորյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Կորցրել եմ շատ հարազատ մարդկանց և ձեռք բերել նոր ընկերներ ու գաղափարակիցներ. Գևորգ Գրիգորյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Գևորգ Գրիգորյանը, ով հայտնի է տարբեր հեռուստասերիալներից:

– Գևորգ, նախ կխնդրեմ պատմեք այս շրջանի ձեր զբաղվածության մասին: Ի՞նչ ծրագրերի վրա եք կենտրոնացած:

– Հայաստանի հետ կապված առանձնակի ծրագրեր չունեմ: Ժամանակս հատկացնում եմ ավելի շատ ինձ, իմ հոբբիներին ու հետաքրքրություններին:

– Տեղյակ եմ,  որ նկարահանվում եք Ելենա Արշակյանի նոր՝ «Մոր խոստումը» սերիալում, որի նկարահանումներն իրականացվել են Եգիպտոսում: Կպատմե՞ք այս նախագծում ընդգրկվելու և համատեղ աշխատանքի մասին:

– Ելենայի հետ նախորդ պրոյեկտի ավարտին կարճ զրույց ունեցանք, նա ինձ ասաց, որ իրար հետ ճանապարհ ունենք գնալու՝ նկարահանումներով, հեռու տեղ, իսկ նրա ասածն ասած է: Վերջին տարիներին աշխատել եմ նույն անձնակազմի հետ, մնացած առաջրկները մերժել եմ, որովհետև կողմնակի զբաղմունք ունեմ, իսկ Ելենայի թիմին ուղղակի շատ եմ սիրում և նրանց հետ աշխատելն ինձ դուր է գալիս:

– Ի՞նչ տեսակ կերպար եք մարմնավորում, ի՞նչ բնավորության տեսակ ենք ձեր միջոցով այս անգամ բացահայտելու:

– Ինձ թվում է այս կերպարում շատ բացահայտումներ չեն լինելու: Հերոսս ըմբոստ երիտասարդ է, որն ուղղակի հետևում է իր սրտի թելադրանքներին, և չի վախենում այդ ամենի համար պատասխանատվություն կրել: Նրա գործառույթը մի փոքր այլ է. Պատմությունը ոչ թե նրա մասին է, այլ նրա հետ կատարվածի:

– Գևորգ, բացի այս սերիալից, այլ՝ ձեզ հետաքրքրող առաջարկներ, ծրագրեր ունե՞ք:

– Ունեմ մի առաջարկ, որտեղ ինքս ամեն ինչ կանեմ ընդգրկվելու համար, սակայն փակագծեր դեռևս չեմ բացի:

– Անձնական կյանքը կրկին կարգավորելու նպատակներ չունե՞ք, ի՞նչ իրավիճակ է տիրում ձեր այդ դաշտում:

– Անձնական կյանքս պլանավորված կարգավորել չեմ պատրաստվում: Կարծում եմ՝ անակնկալները պլանները փոշիացնում են:

– Գևորգ, տարին մոտենում է ավարտին, եթե վերագնահատեք անցնող տարին՝ ինչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունեցաք:

– Ամփոփելով տարին՝ գլխավոր ձեռքբերումը համարում եմ այն, որ վթարից հետո սկսել եմ ինքնուրույն քայլել. Դա ինձ համար շատ կարևոր էր: Երկրում տիրող իրավիճակից ելնելով՝ կորցրել եմ շատ հարազատ մարդկանց և ձեռք բերել նոր ընկերներ ու գաղափարակիցներ: Վերջապես իմ  ձեռքերով մոտոցիկլս դարձրել եմ ուզածիս պես: Հասցրել եմ ճամփորդել, շատ բաներ եմ վերաիմաստավորել ու մի քիչ էլ՝ ծերացել:

– Եվ ի՞նչ սպասելիքներ ունեք գալիք 2019-ից: Ինչ եք ուզում, որ այն բերի ձեզ:

– 2019-ից, ինչպես նաև մնացած տարիներից կան շատ սպասումներ ու պլաններ, բայց ինչպես միշտ՝ վստահ եմ, որ անակնկալներն ավելի շատ կլինեն և պլաններից միայն հիշողություն կմնա: Այնպես որ, կապրենք կտեսնենք:

life.panorama.am



Նման նյութեր