«Ուզու՞մ եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞». Նիկոլ Փաշինյան:
Իրականում փորձարկումն արդեն արված է, հարգելի պարոն վարչապետ, և այո, մշակութային կյանքում այս իրավիճակում ոչինչ տեղի չի ունենա: Ինչպես նախորդ քսան տարիներին: Ոչիչ տեղի չի ունենա նաև Կրթության, Տարածքային կառավարման կամ մի շարք այլ նախարարւթյունների աշխատողների գործադուլների դեպքում: Ոչինչ տեղի չի ունենա, եթե հայեցակարգի և ծրագրի վրա աշխատանք չարվի: Եթե իրերի առկա վիճակի շարունակության մասին է խոսքը՝ ոչինչ տեղի չի ունենա: Խոսքն էլ հենց այն մասին է, որ հասկանալի և հեռանկարային ծրագիր կազմվի: Օպտիմիզացիան ոչ թե, առնվազն ոչ միայն կրճատումների և խնայողությունների համար է արվում, այլ նախ և առաջ տվյալ ոլորտի աշխատանքային արդյունավետության բարձրացման համար: Եթե, իհարկե, աշխատանքային արդյունավետության խնդիր դրված է: Աշխատանքային արդյուավետությունը չափելի երևույթ է, եթե զարգացման ծրագիր կա՝ որտեղից ուր գնալ: Եթե որտեղից ուր գնալու ծրագիր չկա, ուրեմն տեղում մնալը ընդունելի է: Տեղում մնալը զարգացում չէ, ճահճացում է: Ճահճացումն, ինչպես հայտնի է, ավելի վատ է: Հոսող առուն է մաքրվում: Հարցն այն է, թե մշակույթի զարգացման խնդիր մեր երկիրն ունի՞ թե՞ չունի: Եթե չունի, եթե խոսքը միայն առկա վիճակը պահպանելու, այսինքն՝ ճահիճի մասին է՝ մի բան է, եթե ունի, եթե խոսքը զարգացման մասին է՝ այլ բան է: Եթե զարգացման ծրագիր ունի, որևէ տեղ այն հիմնավորվե՞լ է, և հիմավորվե՞լ է, որ այդ ծրագիրն ավելի արդյունավետ կիրականացվի որևէ այլ կառույցում»:
Ասում եք՝ «Մեկ տարվա մեջ մշակույթի ոլորտի ֆինանսավորումն ավելացրել ենք 400 մլն դրամով, 350 հազարով ավելացրել ենք մշակութային օջախներ այցելուների թիվը: Մշակութային քաղաքականությունն էլ ինչպե՞ս է լինում»: Ինչի՞ համար եք ավելացրել, պարոն Փաշինյան, ո՞ր հայեցակարգի շրջանակներում, ավելացրել եք, որ ինչի՞ հասնեք: Հասե՞լ եք առաջադրված նպատակին, ո՞րն էր այդ նպատակը: Մեկ ակտ գործողուղութայմբ նպատակներ նույնպես լինում են, ո՞րն էր այդ «մեկ ակտի» նպատակը:
Ոչ, պարոն Փաշինյան, թույլ տվեք ասել, որ մշակութային քաղաքականությունն այդպես չի արվում: Դա առհասարակ մշակութային քաղաքականություն չէ: Մշակութային քաղաքականությունը հետևողական, կողք-կողքի և մեկը մյուսի վրա դրվող, մեկը մյուսից բխող քայլերի հորիզնական և ուղղահայաց շարք է, այն ներառում է ողջ երկրի բնակչության տարիներ տևող կրթությունը, ուսուցումը, կրթված ճաշակի դաստիարակությունը, մշակութային տեղեկատվությունը, հանրային բարոյականությունը, հասարկական շփումը, լեզուն… Գրականությունը, ճարտարապետությունը, կերպարվեստը, լավ երաժշտությունը, թանգարանը, ցուցահանդեսը, թատրոնը, կինոն և այլն թե այս կրթության հետևանք են, թե այս կրթության ներդրման գործիքներ, միջոցներ: Ու՞մ է պետք լավ համերգի բազմաքանակ դահլիճը, եթե ունկնդիրները հորանջում են:
Շատ ավելի ազնիվ կլինի խոստովանել, որ մեր հեղափոխական Նոր Հայաստանը մշակութային զարգացման օրակարգ չունի, մշակութային անցյալ-ներկա-ապագա ժառանգորդման խնդիր չունի, հասարակական հարաբերությունների ներդաշնակեցման խնդիր չունի…
Եվ սա առկա մշակույյթի նախարարության աշխատողների խնդիր չէ, նրանք հրահանգ կատարող մարդիկ են, կարծում եմ մեծ հաշվով նրանք կարող են առաջադրանքը կատարել, առաջադրանք է պետք: Ծրագրի վերածված մշակույթի զարգացման հայեցակարգ: