Apple-ը մեղադրվում է միանգամից մի քանի մարքետինգային հնարքների մեջ, երբ ընկերությունը մոլորեցրել է հաճախորդներին կամ թաքցրել է որոշ մանրամասներ iPhone X, XS և XS Max սմարթֆոնների գովազդներում: Appleinsider.com-ի փոխանցմամբ՝ այս հնարքներից տուժած մարդիկ դատարան են դիմել երեք բողոքներով:
Ավելորդ պիքսելներ
Առաջին բողոքը վերաբերում է նոր iPhone X ի, XS-ի և XS Max-ի էկրանին: Ըստ ստանդարտների՝ TFT դիսփլեյներում յուրաքանչյուր պիքսել բաժանվում է կարմիր, կանաչ և կապույտ գույների երեք սուբպիքսելների: OLED-դիսփլեյներում կան լրացուցիչ երկու սուբպիքսել, որոնք չունեն որևէ նշանակություն, սակայն Apple-ը դրանք ևս հաշվում է:
Apple-ը նշում է, որ iPhone XS Max-ն ունի 2688×1242 պիքսել՝ ամբողջական 458 ppi-ով: Օգտատերերն արդեն իսկ հաշվել են, որ առանց լրացուցիչ սուբպիքսելների ստացվում է 373 ppi:
Մի կողմից` ընկերությունը նշում է սուբպիքսելների ճիշտ քանակը, իսկ մյուս կողմից՝ մոլորեցնում և շփոթեցնում է իր օգտատերերին:
Թաքցված նրբություններ
Օգտատերերը բողոքել են նաև, քանի որ ընկերությունը iPhone XS և XS Max սմարթֆոնների գովազդում դիտավորյալ թաքցրել է դիսփլեյի կտրվածքը: Գովազդային լուսանկարներում կտրվածքի հատվածը ստվերոտ է:
Մի շարք օգտատերեր հիասթափվել են, երբ տեսել են, որ լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը:
Դիսփլեյն իրականում ավելի փոքր է
Ընկերությանն ուղղված երրոդ բողոքն էկրանի իրական չափսերի մասին է:
Ընկերությունը նշում է, որ iPhone XS-ում դիսփլեյի անկյունագիծը 5.8 դյույմ է, չնայած իրականում այն մոտ 5.6875 դյույմ է:
Այստեղ Apple-ը մի փոքր խորամանակել է, քանի որ էկրանի դյույմերը գրելիս հաշվի է առել նաև անկյունների կլորությունները:
Սիրարփի Աղաբաբյան