Մեր օրերի «տանգոն»
Advertisement 1000 x 90

Մեր օրերի «տանգոն»

Գյումրիի կենտրոնական զբոսայգում մի հին շենք կա, որն առաջին հայացքից ավերակներ է հիշեցնում: Շինության բակից կարելի է նկատել, որ կոտրված պատուհաններով և քանդված պատերով այս տունը բնակիչներ ունի: Սակայն գյումրեցիներից քչերը գիտեն, որ ամայի ու մռայլ այս շենքն ավելի քան 20 տարի առաջ եղել է հայկական կինոյի գլուխգործոցներից մեկի նկարահանման խաղահրապարակը: Հենց այստեղ է ծնվել «Մեր մանկության տանգոն»:

Ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Ալբերտ Մկրտչյանն ու առանցքային դերակատարներից մեկը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, բազմիցս նշել են, որ ֆիլմն իրենց մանկության պատմությունն է, որ հիանալի կերպով վեր է ածվել առօրեականն ու համամարդկայինը միավորող ժապավենի: Սիրանուշը (Գալյա Նովենց) այն երջանիկ կանանցից է, ում ամուսինը վերադարձել է պատերազմից, սակայն վերադարձել է ոչ թե իր ընտանիքի գիրկը, այլ ուրիշ կնոջ մոտ: Ռուբենի դավաճանությունը՝ բարություն, իմաստնություն, հոգու նրբություն ունեցող Սիրանուշը որակում է որպես պատերազմի հետևանք՝ «Պատերազմը խեղճ մարդուս այսպես արեց»: Միայնակ հոգալով երեխաների բոլոր հոգսերն ու մտածելով ամուսնու ճակատագրի մասին՝ Սիրանուշն անսահման սեր է տածում նաև համայն մարդկության նկատմամբ: Սակայն ֆիլմի ողջ ընթացքում այս կինը երբեք չի մոռանում արտաբերել հետևյալ նախադասությունը. «Օրըմ չեղավ, որ վերևից տեսնիմ, թե էս աշխարհն ինչի է էսպես ծուռ»:

pizap.com14715859840421

Հիմա մեր հերթն է նույնն ասելու: Գալյա Նովենցի անզուգական խաղն աննկատ չմնաց թե՛ Մինսկի համամիութենական 18-րդ, թե՛ Վենետիկի 22-րդ միջազգային կինոփառատոներում՝ երկուսում էլ արժանանալով կանացի լավագույն դերակատարման գլխավոր մրցանակի: Մինսկի փառատոնում ֆիլմը ճանաչվեց նաև լավագույն կինոնկար: «Մեր մանկության տանգոն» արժանացել է նաև հանրապետության պետական մրցանակի: Պատահական չէ նաև, որ օրերս «Ֆրունզիկ Մկրտչյան. Միայնության պատմություն» ֆիլմը ռուսաստանյան Հեռուստաակադեմիայի կողմից արժանացավ «Տեֆի» մրցանակի՝ «Լավագույն հեռուստատեսային վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Ինչևէ, այս ամենը՝ հանձին «Մեր մանկության տանգոյի», խոսում է այն մասին, որ մենք ունեցել ու կարող ենք ունենալ ոչ միայն ազգային, այլև համաշխարհային մասշտաբն մշակութային գործեր:

Այս դեպքում, ի՞նչն է մեզ խանգարում հաջողությունների հասնել: Յուրաքանչյուր գյումրեցի, ով հարգում է իրեն ու իր արժեքները, մեծ ցավով է անցնում կիսավեր այն շինության կողքով, որի պատշգամբից Գալյա Նովենցը վիճել է Մհեր Մկրտչյանի հետ: Սակայն քաղաքի իշխանությունները թեև առաջնորդվում են «Վառել եմ ու պիտի վառեմ» սկզբունքով, այնուամենայնիվ, երևի չգիտեն էլ, որ այդ բառերը հնչել են հենց այս պատշգամբից: Չենք զարմանա, եթե ընդհանրապես այս տանն ուշադրություն չդարձնելուց բացի, մի օր էլ այն քանդեն ու տարածքում ռեստորանային համալիր կառուցեն: Ցավոք, նման օրինակների պակաս մեր հանրապետությունն այսօր չունի:

Կարապետ Թոմիկյան

«168.am»