168.am-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանը
– Նայելով ֆեյսբուքյան ձեր էջը, ակնհայտ է, որ Տպագրիչների փողոցի վրայի տպարանի հին շենքի պայթեցումը ձեզ անտարբեր չի թողել: Անակնկա՞լ էր արդյոք շենքը պայթեցնելու որոշումը ձեզ համար:
– Իհարկե անակնկալ էր, մանավանդ՝ նման ոչ պրոֆեսիոնալ ձևով շենքը պայթեցնելը: Մարդկանց անակնկալի են բերում: Հիմա ո՞ր դարն է: Զարմանալի է, որ այս դարում նման ձևով են շենք պայթեցնում։ Նախ՝ պետք է այլ ձև մտածեին շենքը քանդելու համար։ Դա վանդալիզմ է։ Ես չեմ ասում, թե դա պատմամշակութային լուրջ արժեք ներկայացնող շենք էր, ամեն դեպքում շատ կարևոր է՝ արդյո՞ք համարժեք մի բան կառուցվելու է դրա տեղում: Ես երբեք չեմ մտածել, թե դա մշակութային արժեք է, բայց դա պատմություն էր:
– Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ շենքն այդքան էլ արժեքավոր չէր։
– Լսել եմ, Արմեն Ամիրյանը բավական լավ խոսեց: Ես չգիտեմ՝ նրանից ի՞նչ էին ուզում, ինչի՞ էին հարձակվել Ամիրյանի վրա: Հազիվ մի նորմալ մարդ է եկել։ Պետք է թողնել, որ աշխատի։
– Ըստ ձեզ՝մարդիկ ի՞նչ էին ակնկալում նրանից, արդյո՞ք նա կարող էր խանգարել, որ շենքը չքանդվեր:
– Իհարկե ոչ: Նա ի՞նչ կարող էր անել: Այդ տարածքն ուներ սեփականատեր: Եթե որևէ շենք պատմամշակութային արժեք է ներկայացնում, ուրեմն չպետք է վաճառվի, մնա պետությանը, և պետությունը պետք է խնամի այդ պատմամշակութային արժեքը: Սեփականատերը վարվում է այդ շենքերի հետ, ինչպես ցանկանում է: Վնասված ու փլուզվող շենքերի տասնյակ օրինակներ կարող եմ ներկայացնել: Այնպիսի տպավորություն է, որ թշնամին հարձակվել է մեր քաղաքի վրա, ուզում է ջնջել քաղաքի պատմությունը, փոխարենը՝ կառուցել մի բան, որն իրեն փող կբերի, ուրիշ ոչինչ:
– Շենքի սեփականատերն արդեն հայտնել է, որ պայթեցված տպարանի տեղում հյուրանոց է կառուցելու:
– Ուրեմն այդտեղ կառուցվելու է եռահարկ հյուրանոց, որովհետև այդ նեղ փողոցում չի կարող լինել 10-15 հարկանի շինություն: Այսինքն՝ այդ փողոցում երկու մարդ իրար կողքի չի կարողանում հանգիստ անցնել, մեքենաների խցանումներ են լինում, ու իրենք ցանկանում են հյուրանոց կառուցել: Հիմա նման հյուրանոց կառուցվում է Աֆրիկյանների տան տեղում:
Մեծահարուստներից ոչ ոք չի մտածել այգի կառուցու մասին: Ինչո՞ւ պետք է սփյուռքահայերը գան այգի կառուցեն՝ Պողոսյան այգիները, Գաֆեսճեան թանգարանը…
Մի նորմալ այգի գոյություն չունի, որը պետությունը ֆինանսավորի: Օրինակ՝ Հաղթանակի զբոսայգում կառուցված այդ հյուրանոցին՝ «Ռեդիսոնին», պետք է ստիպեին հոգ տանել այգու, լճի մասին: Հյուրանոցատերը, որը, բավական չէ՝ կառուցել է հյուրանոցը, մի փոքրիկ տնակ կար այգում, որտեղ այգու խնամքով զբաղվող տարեցներն իրենց հագուստներն էին կախում, քանդել է տվել՝ պատճառաբանելով, թե դա խաթարում է հյուրանոցի տեսքը, և տեղը չի կառուցել նորը: Հիմա այդ տարիքով տատիկ-պապիկները ծառերի վրա մեխեր են ամրացրել ու իրենց շորերը կախում են ծառերից: Իսկ նրանք այդ 4 հոգով խնամում են 20 հա այգին: Խնամք չկա այդ այգում: Այգու սրճարաններն ամեն տարի բետոնապատում ու ընդլայնում են իրենց տարածքը, բնականաբար, կաշառք տալով: Ու շինարարությունն էլ կատարվում է գիշերը:
– Բայց չէ՞ որ սեփանատերերը դրան մոտենում են բիզնես շահի տեսակետից:
– Այս 25 տարիների ընթացքում որպես բիզնես են վերաբերվել մեր քաղաքին, այն չեն դիտել՝ որպես մայրաքաղաք, որը պետք է ապագայում վայելեն մեր երեխաները։ Այդ բոլոր խնդիրներն ընկնելու են մեր երեխաների, մեր ծոռնիկների ուսերին՝ տրանսպորտի հարցեր, կոյուղու հարցեր: Հյուսիսային պողոտան կոյուղու հարցեր ունի արդեն: Վերջիվերջո, սեյսմիկ հարցեր կան, որը հաշվի չի առնվում:
– Ելքն ինչպե՞ս եք տեսնում: Ի՞նչ պետք է արվի:
– Թող հանրային խորհուրդ լինի, որտեղ կլինեն ճաշակով մարդիկ, օրինակ՝ Թուֆենկյանը, որը բարձր ճաշակի տեր մարդ է, Արթուր Մեսչյանը, Ռուբեն Վարդանյանը՝ իր խորհրդականներով: Թող վարչապետը լինի, որը ճաշակով մարդ է, խոսել գիտի, հագնվել գիտի, աչքը գեղեցիկը տեսնում է, ինչն ապացուցեց քաղաքապետ եղած ժամանակ: Ինչո՞ւ պետք է ոտնահարեն Երևան քաղաքի իրավունքը, ովքե՞ր են նրանք, որ ապօրինի շինարարություն են անում։ Լուծումն այն է, որ բոլորը պետք է սթափվեն ու անտերության չմատնեն այս քաղաքը: Ցավում եմ, երբ նայում եմ մեր քաղաքին։ Օպերայից բարձր շենք չպիտի լիներ, հիմա լրիվ փոխվել է դեմքը: Երբ գնում եմ Վրաստան, խանդից՝ չգիտեմ ինչ անել: Նրանք վերանորոգում են այն հինը, որ իրենք էլ չեն կառուցել: Մերոնք են կառուցել: Լավագույն շենքերի վրա հայկական նշաններ կան, իրենք հիմա աշխատում են վերացնել հայ ձեռքի աշխատանքները:
– Ձեր երգերը հենց գովերգում են հին Երևանը, հին երևանյան շունչն են կրում իրենց մեջ:
– Երևանյան հին երգերի թեման փակել եմ: Ավելի քան 20՝ հին Երևանին նվիրված երգեր եմ երգել՝ սկսած 1934 թվականից՝ վերջացրած Քրիստ Մանարյանի երգերով: Ինչքան քանդում են, այնքան կարոտում եմ իմ Երևանը: Ինչքան վերացնում են այն Երևանն իմ հիշողությունից, այնքան շատ եմ կարոտում, անդրադառնում եմ այդ 60-ականների երգերին: Ցավալին այն է, որ եկող սերունդը չի էլ տեսել, չի էլ պատկերացնում ու չի էլ կարող պատկերացնել, թե ինչի մասին ենք մենք խոսում, որովհետև չի տեսել այն կանաչ, ծաղկուն Երևանը, որ կար: Հիմա բոլորը մոլացավ են կպել, Երևանը դարձնում են մեծ մոլ: Իրենց պետք է այդ մոլը, բայց՝ առանց ժողովրդի։
– Ի՞նչ ստեղծագործական աշխատանքներում եք ներգրավված։
– Նոյեմբերի 9-ին Արամոյի համերգն է, սպասում եմ այդ ուրախ օրվան: Դեռ չեմ որոշել, թե ինչ երգ կկատարեմ ջազ բենդի հետ, որը կհիշեցնի հին օրերի ընկերությունը: Մեր ընկերության քաղցր տարիները 80-ականներին էր, երբ միասին ճամփորդում էինք ու լավ երգեր գրում: Հիմա էլ ամեն օր ստեղծագործում եմ, իմ սիրած երգերի քավըրներն եմ անում:
Կարմեն Ղուկասյան