Սաուդյան Արաբիայում հայտնվել է առաջին պետծառայող-ռոբոտը: Ինչպես հայտնել է Al Sabq թերթը, «Տեխնիկ» անունով մեխանիկական աշխատակիցը ծառայողական վկայական է ստացել անձամբ թագավորության կրթության նախարար Ահմեդ բեն Մուհամեդ ալ Իսայից, որի ղեկավարությամբ նա աշխատելու է:
«Պարոն նախարար, շնորհակալ եմ ցուցաբերված պատվի համար, խոստանում եմ լինել օրինակելի աշխատակից»,- ասել է ռոբոտը՝ արաբերենով դիմելով նախարարին և ներկաներին: Ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը, ռոբոտը հավաքվել ու ծրագրավորվել է սաուդցի մասնագետների կողմից: «Տեխնիկը» հրահանգչի պաշտոն է ստացել Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությանն առընթեր տեխնիկական ու մասնագիտական ուսուցմանն գլխավոր դեպարտամենտում: Մոտ ժամանակներս նա իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի մշակութային ժառանգության փառատոնում, որտեղ նաև ներկայացված է ռոբոտատեխնիկային ու կիբեռնետիկային, ինչպես նաև թագավորությունում դրանց զարգացմանը նվիրված տաղավարը:
Անդրոիդը շփվելու է այցելուների հետ, նրանց անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրելու փառատոնի և արաբական միապետության վերաբերյալ: Նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես, ռոբոտների ներդրումը «Տեսլական-2030» ռազմավարական ծրագրի հիմքերից մեկն է, որը ներկայում իրագործվում է Սաուդյան Արաբիայում: Թագավորությունը դարձել է աշխարհի առաջին պետությունը, որը հպատակություն է տրամադրել «Սոֆյա» անունով արհեստական ինտելեկտին: Հուլիսի կեսին արաբական միապետությունում գործարկվել է առաջին ռոբոտացված դեղատունը, ներկայացվել են ուսուցանող ռոբոտների հայրենական մշակումները: Անցած տարվա սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը և Softbank ճապոնական հեռահաղորդակցական կորպորացիան հայտարարել են ռոբոտետեխնիկայի զարգացման գլոբալ նախագիծ գործարկելու և դրանում առաջիկա հինգ տարվա ընթացքում առնվազն 45 մլրդ դոլար ներդնելու պլանների մասին: