Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2018 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ ավելի քան 4 անգամ աճել է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունը՝ նախորդ 3 տարիների հետ համեմատած։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս հարցում հիմք են ընդունվել Պաշտպանին հասցեագրվող, բայց միայն իրավասությանը վերաբերող անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև համակարգային մակարդակում աշխատանքների արդյունքները:
Մասնավորապես, Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերով վերջին 4 տարիների տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2015 թվականին դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 498, 2016 թվականին՝ 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, իսկ արդեն 2018 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ 1339։
Պաշտպանի առաջարկների ու զեկույցների հիման վրա մշակվել են սկզբունքային փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագծերի փաթեթներ, շարունակվում են դիմումներ հասցեագրվել Սահմանադրական դատարան և ներկայացվել հատուկ կարծիքներ, ամրապնդվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, ինչպես նաև շեշտակի զարգանում է միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների հետ։