«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» համայնքների զարգացման նախագծի շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 24-ին իրականացրել է «Նվիրի՛ր ամանորյա հրաշք» բարեգործական միջոցառումը Մեղրաձոր համայնքի 10-13 տարեկան երեխաների համար, ովքեր համայնքում ակտիվ մասնակցում են էկո ծրագրերին:
Միջոցառման մասնակից 30 երեխաները տարբեր սոցիալական խմբերից էին: Սա մեր փիլիսոփայության կարևոր բաղադրիչն է՝ չառանձնացնել երեխաներին ըստ սոցիալական խմբի, չշեշտել նրանց սոցիալական կարգավիճակն ու չամրապնդել երեխայի փխրուն հոգեվիճակում «խեղճի», «անապահովի» ծանր գիտակցումը:
Երեխան չպետք է մանկուց վարժվի այն մտքին, որ նա ստանում է նվերներ, մասնակցում է բարեգործական միջոցառումների, քանի որ ինքն աղքատ է: Դա կարող է կործանարար լինել նրա համար և սխալ մոտիվացիայի հիմք դառնալ: Սա այն կարևորագույն գիծն է, որը մենք պահելու ենք հետագա հասարակական գործունեության ընթացքում:
Ծրագիրն իրականացվել է Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation-ի հետ:
Ծրագրին մեծ ոգևորությամբ միացան տարբեր կազմակերպություններ և անհատներ՝ զբոսաշրջության և այլ ոլորտներից:
Ծրագրին աջակցել են EliteBus, Etto Kids, Green Lunch, Cinema Star Armenia կազմակերպությունները և Ter-Ghazaryans’ Micro Art թանգարանը, ինչպես նաև զբոսավարներ, տուրօպերատորներ:
Ծրագրի ամփոփումը՝ տեսանյութում: